Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է։ Այս մասին զեկույց է պատրաստել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
Ըստ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույցի՝ երկրում կար 331 քաղբանտարկյալ։
Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 357 մարդու անուն։ Վերջիններիս պնդմամբ՝ այդ ձերբակալությունները կապված են իրենց քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետ։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ «Լրագրողներ և բլոգերներ»- 27, «Իրավապաշտպաններ»- 4, «Ընդդիմադիր կուսակցության և քաղաքացիական հասարակության անդամներ»- 32, «Ցմահ բանտարկվածներ»- 12 մարդ և այլն։
2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների ալիքը լայն տարածում ստացավ, և տարբեր մեղադրանքներով ձերբակալվեցին ավելի քան 100 լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական և քաղաքական ակտիվիստներ, կրոնական գործիչներ։ Միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, այս հետապնդումները համարեցին քաղաքական դրդապատճառներ և կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին և հանել նրանց դեմ ներկայացված մեղադրանքները։
Իլհամ Ալիևի օրոք «Զանգվածային լրատվության, հեռահաղորդակցության մասին», «Տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները հանգեցրին մամուլի վրա ճնշումների մեծացմանը։ Երկրում արգելափակվեցին մի շարք կայքեր՝ Azadlig Radiosu, Azadlig qəzeti, Meydan TV, Abzas Media և այլն։ 2022 թվականի փետրվարի 8-ին ընդունվեց «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որով լրատվամիջոցների և լրագրողների տեղեկատվության հասանելիությունն էլ ավելի սահմանափակվեց։
Բաքվում կայացած COP29 կլիմայական համաժողովից առաջ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Նյու Յորք) դատապարտել էր Ադրբեջանում 11 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետների երկարաձգումը։ «Ադրբեջանում քննադատական հայացքներ ունեցող լրատվամիջոցներից 11 լրագրողների պարբերաբար կալանավորումները ցույց են տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։ Կոմիտեն մեջբերում է «Abzas Media»-ի գործով ձերբակալվածների անուններ՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա և այլք։
Թեև մի շարք երկրներ և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ շարունակում են կոչ անել Բաքվի իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին, սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, որ «Ադրբեջանում ապահովված է լրատվամիջոցների ազատությունը, և որ լրագրողների ձերբակալությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով․․.»։
Մանրամասներն՝ այստեղ: