ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի և Վրաստանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի մայիսին: Ի տարբերություն Հարավային Կովկասի մյուս երկրների՝ Իրան-Վրաստան երկկողմ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ: Սա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝
- Իրանի հետ ցամաքային սահմանի բացակայությամբ,
- Վրաստանի արևմտյան կողմնորոշմամբ,
- Վրաստանում Թուրքիայի տնտեսական և քաղաքական ակտիվ դերակատարությամբ։
Տնտեսական առումով Իրանի շահերը հիմնականում համընկնում են Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքի, Վրաստանում ներդրումների իրացման, առևտրի, էներգամատակարարման, դեպի Եվրոպա և Ռուսաստան տարանցիկ ներուժի հնարավորությունների հետ։ Արդյունքում՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Վրաստանի արևմտյան կողմնորոշումը մի կողմից գրավիչ է դարձել Իրանի համար, մյուս կողմից՝ սահմանափակել Իրանի հնարավորությունները հարաբերությունների ակտիվացման համար։
Վերոնշյալ գործոններով պայմանավորված Իրանը Վրաստանի դեպքում փորձում է կիրառել «փափուկ ուժի» քաղաքականությունը՝ հիմնվելով Վրաստանի մուսուլմանների՝ մասնավորապես շիաների վրա, ովքեր Վրաստանի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են կազմում։
Մուսուլմանները Վրաստանում
Վրաստանն ուղղափառ քրիստոնյա երկիր է, սակայն ունի նաև մուսուլմանական բնակչություն: Վրաստանի մուսուլմանների մեծ մասն ադրբեջանցիներ են, ովքեր ապրում են Վրաստանի արևելքում՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում՝ Կախեթիում, Քվեմո Քարթլիում։ Նրանք դավանում են շիա իսլամ: Սուննի իսլամի հետևորդները հիմնականում բնակվում են Թուրքիային սահմանակից շրջաններում՝ Աջարիայում և Մեսխեթիում։ Սուննիադավան են նաև չեչենական ծագման կիստերը Պանկիսի կիրճում: Ադրբեջանցիների շրջանում ևս կան սուննիադավաններ: Մուսուլմաններով խիտ բնակեցված թաղամասեր կան նաև Թբիլիսիում։
Վրաստանի մուսուլմաններն, ըստ դավանական ուղղության, ենթարկվում են համապատասխանաբար սուննիական Թուրքիայի[1] ու շիայական Իրանի ազդեցությանը: Միաժամանակ, երկրներից յուրաքանչյուրը փորձում է փոխառնչություն ունենալ թե՛ սուննի, թե՛ շիա մուսուլմանների հետ:
Վրաստանի մզկիթներն ու ըստ այդմ մուսուլմանական համայքները մինչև 2011թ. գտնվել են Ադրբեջանից գործող Կովկասի մուսուլմանների վարչության ենթակայության ներքո: 2011 թվականին Վրաստանի իշխանությունները ստեղծել են «Վրաստանի մուսուլմանների վարչությունը»՝ «երկրում իսլամական համայնքների և մզկիթների գործունեությունը վերահսկելու» նպատակով։ Վրաստանի այս որոշումն իր հերթին առաջացրել է Կովկասի մուսուլմանների վարչության դժգոհությունը, որը նոր վարչության ստեղծումը համարել է պառակտող գործոն Ադրբեջանի և Վրաստանի շիաների միջև: Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծումը հետագայում նպաստել է այլ երկրների, մասնավորապես՝ Իրանի ու Թուրքիայի հետ Վրաստանի մուսուլմանների ուղիղ և անկախ համագործակցության հաստատմանը:
Իրանի ակտիվությունը Վրաստանի շիաների շրջանում
Վրաստանի շիա մուսուլմաններին Իրանի աջակցությունն ակտիվացել է 1990-ականների վերջին և եղել է կրոնական համայնքներին ֆինանսական օգնության, հոգևորականների և ուսանողների փոխանակման, Իրանում կրոնական կրթություն ստանալու համար կրթաթոշակների և բարեգործական ծրագրերի ֆինանսավորման տեսքով: Ըստ էության, Իրանը կիրառել է նույն քաղաքականությունը, ինչ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի նկատմամբ: Բայց, եթե Ադրբեջանի դեպքում Իրանի կրոնական գործունեությունն անընդհատ խոչընդոտների է բախվել, իսկ վերջին տարիներին Բաքուն առավել մեծ թափով է փորձում արմատախիլ անել իրանական ազդեցությունն ու սահմանափակել Իրանի հետ կրոնական շփումները, ապա Վրաստանի ադրբեջանցիների դեպքում այդ շփումներն առավել անկաշկանդ են:
Վրաստանում Իրանի աջակցությամբ հիմնվել են տարբեր կրոնական ու կրթական հաստատություններ։ Դրանցից է, օրինակ, 2001 թվականին Մառնեուլիում հիմնադրված Ահլ ալ Բեյթի կենտրոնը, որը հանդիսանում է Իրանի համանուն կառույցի մասնաճյուղը։ Կառույցի ղեկավարները կրոնական կրթություն են ստանում Ղոմում։ Կենտրոնը իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում ուխտագնացություններ դեպի Իրանի Մաշհադ և Ղոմ կրոնական քաղաքներ։ Կառույցն ունի նաև նույնանուն կայք։ Ահլ ալ Բեյթը աչքի է ընկել նաև շիաների շրջանում բողոքի ցույցերի համակարգմամբ:
Իրանական կրոնական հաստատություններից Վրաստանում իր մասնաճյուղն ունի նաև Ղոմի Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը: Համարվում է, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցություն ունի նաև «Իման» հիմնադրամը, որը զբաղվում է կրոնական դասընթացների, արարողությունների կազմակերպմամբ:
Վրաստանի շիա մուսուլմանները ամենատարբեր հարցերի շուրջ հաճախ հանդես են եկել դիրքորոշումներով, որոնք համընկնում են Իրանի շահերին ու մոտեցումներին՝ Ադրբեջանում կրոնական սահմանափակումներից մինչև Իսրայել-Գազա պատերազմ: Որպես օրինակ՝
- 2011թ. Վրաստանի մուսուլմանները բողոքի նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ չեղարկել այդ երկրի դպրոցներում հիջաբի արգելքը։ Նամակում նրանք նշել են. «Ադրբեջանում մեր կրոնական քույրերը բախվում են բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են արգելքները աստվածային հրամաններ կատարելու համար»։
- 2016 թվականին, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել շիա հոգևորական Նիմր Ալ Նիմրին[2] Վրաստանի մուսուլմանների վարչությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մենք դատապարտում ենք այս արարքը և խնդրում ենք բոլոր մուսուլմաններին, ինչպես Վրաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր մասերում, կազմակերպել բողոքի ցույց և հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր նման տգեղ արարք են գործել, կպատժվեն իրենց արարքների համար»։
- 2021 թվականին Վրաստանի մուսուլմանների վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային կառույցներին ու գերտերություններին «համախմբվել Իսրայելի հանցագործությունների դեմ, ճանաչել պաղեստինցիների իրավունքները՝ զանգվածային սպանությունները դադարեցնելու համար»։
- Ավելի ուշ, Գազայում պատերազմից հետո Վրաստանի շիաները (ըստ էության, ադրբեջանցիները) Մառնեուլի քաղաքում հավաք են անցկացրել՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները։ Սա ուշագրավ է այն համատեքստում, որ Ադրբեջանում նման ցույցեր չեն արձանագրվել, ինչը թե՛ այդ երկրում Իրանի դեմ տարվող քաղաքականության, թե՛ Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունների արդյունք է: Ավելին՝ ցույցերից հետո Կովկասի մուսուլմանների վարչությունը հայտարարել է, որ Վրաստանի մուսուլմանների խորհրդի հնչեցրած հակաիսրայելական հայտարարությունների և Մառնեուլիում անցկացված ցույցերի հետ առնչություն չունեն։
Հատկանշական է, որ Վրաստանում ԻԻՀ դեսպանատունն այդ երկրում իր ակտիվությամբ առաջին հերթին հենց կրոնական ուղղությամբ է աչքի ընկում: ԻԻՀ դեսպան Մահմուդ Ադիբն, օրինակ, 2023թ. մասնակցել է իմամ Հոսեյնի մահվանը նվիրած շիաների երթին: Նույն թվականին Իրանի դեսպանատունը պարենային օգնության փաթեթներ է նվիրաբերել կարիքավոր մուսուլմաններին, այդ թվում՝ սուննիներին։ Դեսպանը հանդիպումներ է անցկացնում նաև Վրաստանում կրոնական հարցերով զբաղվող գործակալության ղեկավար կազմի հետ:
Վրաստանի շիաների հետ իրանական կողմի շփումները դրսևորվում են նաև փոխայցերի տեսքով: 2024 թվականին Վրաստանի մուսուլմանների վարչության ղեկավարը մեկնել է Իրան՝ կրոնական, մշակութային քննարկումների, համալսարաններ այցի նպատակով։ Նույն տարում Վրաստանից Իրան են այցելել շիա ուրբաթօրյա աղոթապետեր և կրոնանագետներ: Նրանք այցելել են Իսլամական գիտությունների համակարգչային հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև Ղոմի Ահլ ալ-Բեյթի համաշխարհային ասամբլեայի կենտրոն, հանդիպել ասամբլեայի գլխավոր քարտուղարի հետ։
Նույն թվականին Իրանի իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ Հոջաթոլէսլամ ալ Մուսլիմ Իմանփուրը հանդիպել է Վրաստանի մուսուլմանների վարչության նախագահ Հաջ Ֆայեղ Նաբիևի և ուղեկցող պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային և կրոնական հարաբերությունների զարգացման ուղիները։ Կրոնական փոխառնչությունների շրջանակներում 2016թ. Մառնեուլիում մզկիթի բացմանը ներկա է գտնվել իրանցի շիա հայտնի հոգևորական այաթոլլահ Սիսթանիի ներկայացուցիչը: Մեկ այլ դեպքում Իրանից Վրաստան է մեկնել Իրանում ամենահայտնի մադդահներից (կրոնական երգիչ) հաջ Մեհդի Ռասուլին՝ հանդես գալով Մառնեուլի քաղաքում։
Վերլուծելով վերջին տարիներին Իրանի վարած քաղաքականությունը Վրաստանում, պետք է արձանագրել, որ Վրաստանի մուսուլմանների շրջանում Իրանի ակտիվությունը տեղավորվում է այդ երկրի իսլամական քաղաքականության տրամաբանության մեջ: Վրաստանի հետ ունենալով սահմանափակ քաղաքական-տնտեսական հարաբերություններ՝ Թեհրանը փորձում է իր հեղինակությունն ամրապնդել այդ երկրի մուսուլմանների, հատկապես՝ շիաների շրջանում:
Կարելի է եզրակացնել, որ Իրանը մշտապես իր վերահսկողության տակ է պահելու Վրաստանի շիա մուսուլմաններին և այս ուղղությամբ շարունակելու է բազմակողմ համագործակցությունը կրոնական կառույցների հետ, քանի որ կրոնական գործոնն ԻԻՀ համար Վրաստանում, իսկ ավելի լայն իմաստով Կովկասում ներկայություն ապահովելու նախադրյալներից մեկն է:
Հեղինակ՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Վիոլետա Գևորգյան
[1] Թուրքիան մոտ 14 կրթական և հետազոտական հաստատություն ունի Վրաստանում:
[2] Հենց այդ հոգևորականի սպանությունն ու դրան հաջորդած Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դեմ հարձակումն էր, որ պատճառ էին դարձել Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների խզման: