ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված բացառիկ հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին:
Գալուզինը նշել է,որ Ռուսաստանը կամ որևէ մեկը չի ցանկանում բացառել կամ վնասել Հայաստանին շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում:
«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցույց տալով զգալի աճ։ Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք էլ կարող ունենալ: Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ, ինչպես Վրաստանին, կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, մայիսի 9-ին միասին կնշենք։
Փաստն այն է, որ օբյեկտիվորեն միաժամանակ անհնար է անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ. դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրում, թե ԵԱՏՄ միջոցով շարունակում են մասնակցել եվրասիական ինտեգրմանը:
Այս մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6%»,-ասել է Գալուզինը՝ շեշտելով, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։
«Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար….ԵՄ-ին ինտեգրվելը հիմնականում անցողիկ գաղափարախոսություններ են, այլ ոչ թե իրական տնտեսական համագործակցություն։ Այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ…Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ»,-հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը:
«Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին և բոլոր փորձագիտական հանդիպումներին»,-նշել է Գալուզինը։