Գործադիրը սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։ Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ դիտարկելու կենտրոնի ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալու համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկներին։
COP-17 համաժողովը Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:







