Հայաստանի կառավարությունը հիմա փորձում է գնահատել հարևան Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները։ Այդ մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս անգամ մենք գնահատում ենք, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումն ապրանքաշրջանառության վրա, թե ինչ ապրանքներ հնարավոր կլինի ներմուծել, ինչը՝ արտահանել և այլն։ Գիտակցում կա, աշխատանք կա, բայց սա նույնպես մի գործընթաց է, որը մենք պետք է սովորենք», – ասել է Պապոյանը։
Նախարարի կանխատեսումների համաձայն, պոտենցիալ առումով, Հայաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել տարեկան 700-800 մլն դոլարի։ Պապոյանի խոսքով՝ Հայաստանը, ըստ էության, Թուրքիայից ավելի մատչելի գնով կկարողանա ներմուծել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են դեղորայքը, էլեկտրատեխնիկան և տեղական արտադրության համար հումքը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կկարողանա այնտեղ արտահանել տեղական արտադրանքը։
«Սակայն մեր ամենակարևոր շահույթը կայանում է նրանում, որ Հայաստանը կկարողանա օգտվել թուրքական նավահանգիստներից, հատկապես՝ միջերկրածովյան։ Դրա համար անհրաժեշտ է, մի կողմից, ամենակարճ և ուղիղ ճանապարհը՝ Մարգարայի անցակետով, մյուս կողմից՝ Վրաստանով և այլ երկրներով», – ընդգծել է Պապոյանը։
 
			






