30-12-2025 / 05:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական ԶԼՄ-ներում Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվության թեմատիկ և հեղինակային առանձնահատկությունները

2025/12/29 13:23
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Վերջին ամիսներին թուրքական մի շարք լրատվական կայքերում Հայաստանի վերաբերյալ հրապարակվել են նյութեր, որոնք պարունակում են չստուգված, կեղծ կամ խիստ մանիպուլյատիվ պնդումներ։ Այդ հրապարակումները վերաբերում են Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, պետական ինստիտուտներին, ազգային խորհրդանիշներին, կրոնական կառույցներին, ինչպես նաև անվտանգային և տնտեսական ոլորտներին։ Նյութերի բովանդակային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք կառուցված են հիմնականում անանուն աղբյուրների, ենթադրությունների և սենսացիոն մեկնաբանությունների վրա՝ առանց պաշտոնական փաստաթղթերի կամ վստահելի աղբյուրների հղումների։

Այս հրապարակումների համեմատական դիտարկումը հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն առանձին պնդումներ, այլև դրանց կառուցման կրկնվող տրամաբանությունը։ Թեմատիկ և կառուցվածքային ընդհանրությունները թույլ են տալիս առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ, որոնց շուրջ կենտրոնանում են նշված նյութերը։

Այդ ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքական ղեկավարության քննադատությունն է՝ ոչ թե քաղաքական որոշումների կամ պաշտոնական հայտարարությունների բովանդակային վերլուծության միջոցով, այլ անձնական կյանքի թեմաների շահարկմամբ։ Այս մոտեցումը թույլ է տալիս հրապարակման մեջ ներմուծել բարոյական գնահատականներ և հանրային դժգոհություն առաջացնող ենթատեքստ՝ առանց պետական քաղաքականության կամ իրավական գործընթացների քննարկման։ Անձնական ծախսերի կամ կենսակերպի շուրջ շրջանառվող թվերը ներկայացվում են որպես հանրային նշանակություն ունեցող փաստեր՝ չստուգված և առանց փաստաթղթային հիմքի։

Այսպես օրինակ թուրքական «Oda TV» կայքում հրապարակված Օքայ Դեփրեմի հեղինակած  «Հայաստանի առաջին տիկնոջ 5 միլիոնանոց արձակուրդը» վերնագրով նյութում պնդվում է, թե Աննա Հակոբյանը Անթալիայում արձակուրդ է անցկացրել, որի անցկացրած արձակուրդի ընթացքում ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։ Հրապարակման մեջ չեն ներկայացվում հյուրանոցային հաշիվներ, վճարումների ապացույցներ կամ այլ ֆինանսական փաստաթղթեր, որոնք կարող էին հաստատել նշված գումարների ճշգրտությունը։ Հրապարակման մեջ հատուկ շեշտադրում է արվում այն հանգամանքի վրա, որ նա իբր հանգստացել է ադրբեջանցի գործարարին պատկանող հյուրանոցում, ինչն օգտագործվում է նյութում լրացուցիչ քաղաքական ենթատեքստ ձևավորելու նպատակով։ Նշված նյութը հետագայում տարածում է գտել նաև հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ առանց լրացուցիչ ստուգման կամ աղբյուրների հստակեցման։

Նույն լրատվական կայքում նույն հեղինակի կողմից հրապարակված մեկ այլ հոդվածում պնդվում է, թե Հայաստանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում փոփոխում է պետական խորհրդանիշները։ Հոդվածում նշվում է, որ Արարատ լեռան պատկերն արդեն հեռացվել է Հայաստանի մուտքի կնիքներից։ Այնուհետև ներկայացվում է պնդում, թե 2026 թվականի գարնանը շրջանառության մեջ դրվելիք 50․000 դրամանոց թղթադրամի նոր դիզայնից իբր հեռացվելու են Արարատ լեռան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերները, իսկ դրանց փոխարեն պատկերվելու է Երևանի Կառավարության շենքը։ Նյութում չի ներկայացվում Հայաստանի Կենտրոնական բանկի որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաստատում, իսկ նշված փոփոխությունները ներկայացվում են որպես արդեն իսկ որոշված գործընթաց։

Տնտեսական ոլորտում ապատեղեկատվական նյութերը հիմնականում կենտրոնանում են ռազմավարական ենթակառուցվածքների վրա։
Թուրքական Oda TV, Evrensel և Haber.sol.org հարթակներում շրջանառվող նյութերը պնդում են, թե Հայաստանի իշխանությունները գաղտնի կերպով.

  • զիջում են Արաքս գետի ջրային ռեսուրսները Թուրքիային,
  • պատրաստվում են հանձնել էներգետիկ ենթակառուցվածքներ թուրքական կապիտալին,
  • քննարկում են տարածքային զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային։

Թուրքական «Evrensel» կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում Արաքս գետի թեմային։ Օքայ Դեփրեմը գրում է, որ «կա պնդում», ըստ որի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվճար տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման բացառիկ իրավունքի մի մասը։ Հոդվածում նշվում է, որ հնարավոր համաձայնագրով Թուրքիային կտրվի իրավունք կառուցելու մեկից ավելի ամբարտակներ և հիդրոէլեկտրակայաններ Հայաստանի ամենախոշոր գետի վրա։ Նյութում օգտագործվում են «ՀՀ ԱԳՆ աղբյուրներին» վերագրվող ձևակերպումներ, սակայն բացակայում են կոնկրետ անուններ, փաստաթղթեր կամ պաշտոնական պարզաբանումներ։ Նույն հոդվածում նշվում է նաև, որ գործընթացը կապվում է տարածաշրջանային քաղաքական փոփոխությունների հետ և ներկայացվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմավարական հաղթանակ։Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Civilnet-ի հետ զրույցում հերքել է թուրքական Oda TV-ում տարածված լուրը, թե Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների «բացառիկ օգտագործման իրավունքները». «Սա հերթական ապատեղեկատվական արշավն է, և էդ տրամաբանության մեջ գրված հոդված է, որը ցավոք մեր որոշ գործընկերներ, որոշները՝ անբարեխիղճ, որոշները՝ հուսանք չգիտակցելով, տեղափոխում են մեր մեդիադաշտ»։

«Haber.sol.org» կայքում հրապարակված «Թրամփի խաղաղությունը պտուղներ է տալիս» վերնագրով հոդվածում պնդվում է, թե թուրքական ընկերությունները համաձայնության են հասել Հայաստանի կառավարության հետ՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի պետական ձեռնարկությունների ձեռքբերման շուրջ։ Հոդվածում մասնավորապես նշվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունը և պնդվում է, որ այդ ակտիվները նախատեսվում է վաճառել թուրքական «Aksa Enerji» ընկերությանը։ Նյութում նշվում է, որ բանակցությունները իբր սկսվել են վարչապետի Ստամբուլ այցի ընթացքում, իսկ հայկական կողմը ներկայացնում է իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նյութում այդ պնդումները չեն ուղեկցվում որևէ պաշտոնական հայտարարությամբ կամ պայմանագրի մասին տեղեկությամբ և կապվում են Սամվել Կարապետյանի կալանավորման հետ՝ ձևավորելով ենթադրությունների հաջորդականություն, որը ներկայացվում է որպես փաստական գործընթաց։

Կրոնական թեման ապատեղեկատվական հրապարակումներում առանձնահատուկ զգայուն ուղղություն է։ «Oda TV»-ում հրապարակված, կրկին Օքայ Դեփրեմ հեղինակած «Էրդողանը պահանջեց, Փաշինյանը գործողության անցավ. տասը նոր մզկիթ Հայաստանին» վերնագրով հոդվածում պնդվում է, թե Հայաստանի վարչապետը նախաձեռնել է զրոյից տասը մզկիթի կառուցում։ Նյութում նշվում է, որ նախաձեռնությունը խրախուսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, իսկ ֆինանսավորումը ապահովվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով։ Հրապարակման մեջ նշվում է նաև շինարարության մեկնարկի ժամկետը։ Նյութում ներկայացված տեղեկությունները չեն հաստատվում Հայաստանի որևէ պետական կամ եկեղեցական կառույցի հայտարարությամբ և ներկայացվում են որպես արդեն սկսված գործընթաց։

«Oda TV»-ում տեղ գտած մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր հայտարարել է տարածաշրջանային համաձայնագրի մասին, որը նախատեսում է Սյունիքի մարզի մոտ 1200 քկմ տարածքի հանձնումը Ադրբեջանին և Թուրքիային։ Նյութում այդ պնդումը ներկայացվում է առանց մեջբերման կամ պաշտոնական ելույթի հղման։ Հրապարակումն օգտագործվել է X հարթակում՝ բացասական մեկնաբանություններով ուղեկցվող տարածման համար, ինչը նպաստել է պնդման արագ շրջանառությանը առցանց միջավայրում։

Անվտանգային թեմաներով հրապարակումներում Հայաստանի պաշտպանական քայլերը ներկայացվում են որպես տարածաշրջանային լարվածության աղբյուր։ Հայաստանի զինված ուժերի արդիականացման վերաբերյալ վերոնշալ կայքում հռապառակված նյութում պաշտպանական գնումները և արտաքին գործընկերների հետ համագործակցությունը բնորոշվում են որպես վտանգավոր զարգացումներ, որոնք կարող են խաթարել խաղաղ գործընթացները։
«Ինչ է կատարվում Հարավային Կովկասում․ Հայաստանը նորից զինվում է» վերնագրով հոդվածում ներկայացվում է Հայաստանի զինված ուժերի արդիականացման թեման։ Նյութում նշվում են տարբեր ռազմական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերումներ և այդ գործընթացը ներկայացվում է որպես տարածաշրջանային լարվածության աճի գործոն։ Հոդվածում Հայաստանի պաշտպանական քայլերը դիտարկվում են ոչ թե անվտանգության ապահովման անհրաժեշտության, այլ խաղաղության գործընթացին սպառնացող զարգացումների համատեքստում։ Ձևավորվում է այն ընկալումը, թե պաշտպանական արդիականացումը կարող է խաթարել դիվանագիտական գործընթացները։

Ապատեղեկատվության առավել մտահոգիչ դրսևորումներից է Հայ Առաքելական եկեղեցու թեմայի շահարկում։ Թուրքական «Aydınlık» թերթի կայքում հրապարակված «Ո՞վ է լինելու հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան» հոդվածում պնդվում է, թե Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի փոփոխության հարցը որոշվելու է ոչ թե Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում։ Հոդվածում գործող կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկայացվում է որպես Թուրքիայի համար քաղաքական խոչընդոտ, իսկ նրա հնարավոր պաշտոնանկությունը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության պայման։ 

Ուշագրավ է, որ Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվական հրապարակումների զգալի մասը կապված է նույն հեղինակի՝ Օքայ Դեփրեմի անվան հետ։ Նրա հոդվածները հրապարակվում են տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող թուրքական հարթակներում՝ կառավարամետից մինչև ձախակողմյան լրատվամիջոցներ, ինչը ցույց է տալիս, որ բովանդակությունը չի սահմանափակվում մեկ խմբագրական քաղաքականությամբ։ Դեփրեմի կենսագրությունը՝ երկար տարիներ Դոնբասում բնակվելը, Ռուսաստանի թեմատիկայով մասնագիտացումը և Վլադիմիր Պուտինին նվիրված գիրք ունենալը, թույլ է տալիս խոսել ռուսամետ աշխարհաքաղաքական ընկալումների արտացոլման մասին թուրքական մեդիա միջավայրում, մասնավորապես Հայաստանի վերաբերյալ հրապարակումներում կիրառվող լեզվի և շեշտադրումների միջոցով։

Միաժամանակ ապատեղեկատվություն տարածող մյուս կարևոր հարթակը՝ «Aydınlık» թերթը, պատկանում է թուրքական «Vatan» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։ Նրա որդին, ըստ մի շարք աղբյուրների, ապրում և աշխատում է Ռուսաստանում և համակարգում է «Aydınlık»-ին առնչվող մեդիա հարթակների գործունեությունը։ Թերթը և դրա հետ կապված լրատվական ռեսուրսները հաճախ արտահայտում են Ռուսաստանի քաղաքական օրակարգին համահունչ դիրքորոշումներ, ինչը նկատելի է նաև Հայաստանի վերաբերյալ հրապարակումների թեմատիկ ընտրության և մեկնաբանությունների տրամաբանության մեջ։

Վերոնշյալ հրապարակումների համադրական դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանի վերաբերյալ թուրքական մի շարք լրատվական կայքերում շրջանառվում են չստուգված և մանիպուլյատիվ պնդումներ, որոնք կառուցված են կրկնվող թեմատիկ շեշտադրումներով և անանուն աղբյուրներին հղումներով։ Նման նյութերը ձևավորում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգային և կրոնական գործընթացների խեղաթյուրված պատկեր՝ առանց պաշտոնական կամ փաստական հիմքի, ինչը կարևոր է հաշվի առնել դրանց բովանդակության և հնարավոր ազդեցության գնահատման ընթացքում։

Նախորդ Լուրը

Ինչ կարող է Հայաստանն արտահանել Ադրբեջան

Հաջորդ Lուրը

2026թ․ ընդառաջ ԱՄՆ դեսպանն իր ջերմ մաղթանքներն է հղել հայ ժողովրդին

Այլ Լուրեր

Թուրքիա

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025
Անվտանգություն

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025
Ադրբեջան

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025
Հաջորդ Lուրը

2026թ․ ընդառաջ ԱՄՆ դեսպանն իր ջերմ մաղթանքներն է հղել հայ ժողովրդին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025

2025-ին Ադրբեջանի անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել

29/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)