Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունների միջև կան շփումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև փորձագիտական մակարդակներում առկա են որոշակի շփումներ։
Պապիկյանի խոսքով՝ ներկայում նման շփումներ չեն իրականացվում։
«Երբ լինի նոր բան, մենք դրա մասին կխոսենք»,-հավելել է նախարարը։
Պապիկյանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը։








