Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 17-րդ նիստին: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նիստի ընթացքում քննարկվելու են համատեղ նախագծերի իրագործման, տնտեսական, տարանցիկ համագործակցության զարգացման հարցեր:
Նախքան նիստի մեկնարկը Սադեղը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցությանը, Հյուսիս-Հարավ միջանցքին, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանային և երկաթուղային նոր ենթակառուցվածքների շահագործմանն առնչվող հարցեր։
Խորհրդակցություններ են անցկացվել նաև Կասպից ծովում համատեղ նավթահանքերի, ինչպես նաև երկու երկրների և կասպյան տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության վերաբերյալ։








