Թեև վերջին տարիներին «ռազմավարություն» տերմինը դարձել է շատ հանրամատչելի, այդուհանդերձ, պարզ և բազային գործողություններ կատարելու համար ռազմավարության կարիք չկա, առավել ևս, որ արագ զարգացող թվային տեխնոլոգիաների պարագայում ռազմավարությունների մշակումից անցումն իմպլեմենտացիային կարող է նույնիսկ ավելի երկար տևել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
«Առանց ենթակառուցվածքների առկայության՝ հնարավոր չէ ունենալ սեփական մոդելների զարգացման համար անհրաժեշտ իրավիճակ։ Մենք ի սկզբանե որոշեցինք մաքսիմալ արագ շարժվել երեք ուղղություններով։ Ամենակարևորը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրից դուրս՝ ապահովելով դրանց հասանելիությունը։ Մի դեպքում հասանք նրան, որ Հայաստանում իրականացվեին FIREBIRD և ELEVATE նախագծերը։ Կյանքի ենք կոչել նաև «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» կոնցեպտը, որի համաձայն՝ ցանկանում ենք Հայաստանում ունենալ այնպիսի միջավայր, որտեղ վերոհիշյալ ենթակառուցվածքները կզարգանան, կբազմանան տեխնոլոգիական տրամաբանությամբ։ Արդեն կան արտասահմանյան խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են մեր «Պարտեզ» կոնցեպտով, ցանկանում են մաս կազմել ու տեղակայվել մեր երկրում»,- նշեց Մանթաշյանը։
Նա հավելեց, որ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ կնքված և արհեստական բանականության կիսահաղորդիչներին առնչվող փոխըմբռնման հուշագիրն անկյունաքարային աջակցող փաստաթուղթ է, և ԱՄՆ-ի ու Հայաստանի կառավարությունները շահագրգռված են, որ տվյալ ոլորտում համագործակցությունը տա շոշափելի արդյունքներ։
«Անցյալ տարի հայտարարեցինք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ռազմավարական նախաձեռնության մասին, ըստ որի՝ մեր երկրում հիմնելու ենք արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ։ Ինչո՞ւ վիրտուալ և ինչո՞ւ ինստիտուտ, որովհետև համարում ենք, որ սկզբի համար պետք չեն ֆիզիկական շինաշխատանքներ։ Մեր ոլորտում կարելի է շատ արագ ադապտացվել ու իրականացնել այն նպատակները, որոնք կձևավորենք միասին։ Հայտերի ընդունումը մեկնարկեց դեկտեմբերի 29-ից, հիմա գնահատման փուլում ենք։ Մեր գործընկերը դարձավ AMAZON-ը։ Ի սկզբանե ցանկանում էինք ժամանակ չկորցնել և միանգամից լծվել արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ստեղծելու գործին, մինչև որ կհասունանա նաև շինաշխատանքների պահը»,-հայտնեց Մանթաշյանը։
Ըստ նախարարության գնահատականի՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում նորարարների կրիտիկական զանգվածը դեռ բավականին փոքր է, հետևաբար իրավիճակը շտկելու ուղղությամբ նույնպես կատարվում են աշխատանքներ։
«Մենք 100 տոկոսով սուբսիդավորում ենք հաշվողական ռեսուրսի ծախսը, որպեսզի արհեստական բանականության ոլորտի նորարարներն ավելի մեծ պատրաստակամությամբ զբաղվեն այդ խնդրով։ Ձևավորել ենք նաև խումբ, որը զբաղվելու է գործընթացի գնահատմամբ և իրազեկված է ԲՏԱ նախարարության ծրագրից։ Անցյալ տարի իրականացրինք նաև սկսնակ ստարտափներին աջակցող ծրագիրը։ Եթե ունես հաշվողական ռեսուրսներ ու տաղանդներ, բայց չունես կրիտիկական կարևոր տվյալներ, ապա դժվար կլինի ամեն ինչ արդյունավետորեն կառավարել։ Դրա համար մենք ընդունեցինք «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, ըստ որի՝ որոշ տեղեկություններ պետք է դառնան հասանելի։ Մեր ոլորտում գործող համակարգերի մշակութային առանձնահատկությունն առկա է, հետևաբար անելիքները չափազանց շատ են։ ԲՏԱ նախարարությունը շուտով այդ առթիվ նույնպես հանդես կգա համապատասխան հայտարարություններով»,- եզրափակեց ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը։







