Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է լուրերը, թե Թուրքիան Իրանին զենք է մատակարարել։
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի և ապատեղեկատվություն տարածող աղբյուրների կողմից շրջանառվող այն պնդումները, թե «Թուրքիան Իրանին մատակարարել է առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի հրթիռներ, և ԱՄՆ-ի F-15 կործանիչը խոցվել է թուրքական արտադրության հակաօդային համակարգով», ամբողջությամբ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նաև շեշտել է, որ Թուրքիան տարածաշրջանի բոլոր գործընթացներում առաջնորդվում է խաղաղության և կայունության պահպանման սկզբունքով։
Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր էին տարածվել, թե Թուրքիան Իրանին մատակարարել է զենք, որը, ենթադրաբար, տեղափոխվել է հետախուզության հետ կապ ունեցող վարորդների կողմից՝ ամերիկյան և իսրայելական ինքնաթիռները թիրախավորելու համար։







