Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական այլընտրանք» դաշինքը ստեղծումից ընդամենը մեկ ամիս անց հայտնվել է ներքին լուրջ տարաձայնությունների մեջ։ Դաշինքի առանցքային ուժերից մեկը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, հայտարարել է, որ կարող է վերանայել իր մասնակցությունը դաշինքին։Այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։
Կուսակցության նախագահ Թինա Բոկուճավան հայտարարել է, որ կուսակցությունը դուրս կգա դաշինքից, եթե այն Սաակաշվիլիի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշի։ Բոկուճավան հիշեցրել է, որ դաշինքի ստեղծման նախաձեռնողը հենց Սաակաշվիլին է, ում հիմնական նպատակը ընդդիմության համախմբումն էր։ Սակայն, նրա գնահատմամբ, ընթացիկ զարգացումները ցույց են տալիս հակառակ գործընթաց՝ աճող տարաձայնություններ և պառակտում։
Դաշինքի ներսում լարվածության պատճառ է դարձել Սաակաշվիլլիի ապրիլի 18-ի գրառումը, որտեղ նա քննադատել էր ընդդիմադիր դաշտում գործող մի քաղաքական գործչի։ Թեև Սաակաշվիլին անուն չէր նշել, շատերը հասկացել էին, որ այն ուղղված էր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։ Դրան ի պատասխան՝ դաշինքի ութ կուսակցություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ խնդրահարույց հայտարարություններից և ընդգծելով, որ որևէ ուժ չի կարող իրեն հայտարարել ընդդիմության միակ ներկայացուցիչ։
Հետագայում Սաակաշվիլին մեղմել էր իր հռետորաբանությունը՝ կոչ անելով ընդդիմությանը դադարեցնել ներքին հակամարտությունները և կենտրոնանալ ընդհանուր նպատակների վրա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին քննադատել էր ընդդիմությանը՝ տեղի ունեցող զարգացումները որակելով որպես հերթական անհաջող միավորման օրինակ։
Հիշեցնենք, որ «Դեմոկրատական այլընտրանք» դաշինքը ստեղծվել է 2026 թվականի մարտին և միավորում է ինը ընդդիմադիր կուսակցություն։ Դաշինքի հայտարարած նպատակն է հաղթել գործող իշխանությանը ընտրությունների միջոցով, խթանել եվրաատլանտյան ինտեգրացիան և հասնել քաղբանտարկյալների ազատմանը։







