Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման։ Այս մասին հայտնել է «DW»-ն։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ այդ փորձերը ոչ միայն չեն նպաստի տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը, այլ իրականում լարվածության աղբյուր են և խաթարում են Պարսից ծոցի երկարաժամկետ կայունությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր ծովային շրջափակման մասին ապրիլի 13-ին՝ Իրանի հետ հաստատված հրադադարից հետո։ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ շրջափակումը արդյունավետ է և սահմանափակում է Իրանի նավթի առևտուրը։ Իսկ Իրանի զինված ուժերը շարունակում են վերահսկել ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային նավթի և գազի արտահանման կարևոր ուղիներից է, և նաև սպառնացել են «պատասխանել», եթե ԱՄՆ-ն չվերացնի շրջափակումը՝ չհստակեցնելով, թե ինչ ձևով։
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը պետական հեռուստատեսությանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն շրջափակումից «ոչ մի արդյունք չի ստանա»՝ հավելելով, որ ոլորտի աշխատակիցները շուրջօրյա աշխատում են՝ ապահովելու ծառայությունների անխափան մատուցումը։





