ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկյան կողմը երկուշաբթի օրը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող իրանական հրթիռային արձակման կայաններին և մոտորանավակներին։ Այս մասին հայտնում է CNN-ը:
CENTCOM-ի պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը CNN-ին պարզաբանել է, որ Իրանի հարավում իրականացված գործողության նպատակն «իրանական ուժերից բխող սպառնալիքներից» ամերիկյան զորքերի պաշտպանությունն է եղել, իսկ թիրախների թվում եղել են նաև այն նավակները, որոնք փորձել են ծովային ականներ տեղադրել։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի ու ԱՄՆ միջև հաստատված հրադադարի ընթացքում ռազմական գործողություններ են տեղի ունենում. մայիսի սկզբին ԱՄՆ-ն նաև հայտարարել էր իրանական այն ռազմական օբյեկտների թիրախավորման մասին, որոնք պատասխանատու են նեղուցով անցնող ամերիկյան ռազմական նավերի վրա հրթիռային, անօդաչու թռչող սարքերի և մոտորանավակների միջոցով իրականացված հարձակումների համար։








