ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Իրանի հետ նախնական փոխըմբռնման հուշագիրը, քանի որ երկու երկրները շարունակում են բանակցել «մի քանի ձևակերպումների շուրջ», հայտնել է «CNN World»-ը։
Ընդգծելով ձեռք բերված առաջընթացը՝ Վենսն ասել է, որ այնուամենայնիվ Իրանի միջուկային ծրագրի և բարձր հարստացված ուրանի հետ կապված մի քանի առանցքային հարցեր դեռևս մնում են անորոշ։
«Կան մի քանի հարցեր՝ կապված միջուկային թեմաների, բարձր հարստացված պաշարների, ինչպես նաև հարստացման հարցի հետ։ Այդ թեմաներով դեռ քննարկումներ են ընթանում։ Մենք կարծում ենք, որ նրանք առայժմ բանակցում են բարեխղճորեն»,-ասել է Վենսը՝ հավելելով․ «հուսով ենք՝ կշարունակենք առաջընթաց գրանցել, և նախագահը կհասնի մի կետի, որտեղ կկարողանա հավանություն տալ համաձայնագրին, բայց ակնհայտորեն դա դեռ պետք է պարզվի»։ Նա նաև նշել է, որ դեռ չի կարող երաշխավորել, թե նման համաձայնություն անպայման ձեռք կբերվի։
Վենսը հայտարարել է, որ չնայած վերջերս տեղի ունեցած փոխադարձ հարձակումներին՝ հրադադարը շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն ԱՄՆ-ն պահպանում է «պաշտպանական հարվածներ» հասցնելու իրավունքը։ «Այսպիսի հրադադարները միշտ մի փոքր անկանոն են լինում»,-ասել է նա՝ հավելելով, որ «երբեմն նման իրավիճակներում լինում են փոքր սրացումներ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը հինգշաբթի համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը ևս 60 օրով և վերացնել Հորմուզի նեղուցով նավարկության սահմանափակումները, սակայն համաձայնագիրը դեռ պետք է հաստատի նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանական կողմն իր հերթին հայտարարել էր, որ փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի բերված չէ։







