Հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կառույցի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ներկայացրել է դաշինքի ռազմական կարողությունների, հետախուզական համակարգերի, հակադրոնային պաշտպանության և ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված նոր, լայնածավալ ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:
Ֆորումի ընթացքում դաշինքի ղեկավարն ազդարարել է մի շարք առանցքային նախագծերի մեկնարկը, մասնավորապես՝
- «NATO Front Door for Industry» – Ստեղծվել է նոր հարթակ, որը թույլ կտա ռազմական արդյունաբերության մասնավոր ընկերություններին ավելի պարզեցված ընթացակարգով կապ հաստատել ՆԱՏՕ-ի հետ, մասնակցել գնումների մրցույթներին և ներկայացնել իրենց արտադրանքը։
- «NATO Engine» – Այս համակարգի նպատակն է Դաշինքի անդամ 32 երկրներում ստեղծել գործարանների և արտադրական կենտրոնների միասնական ցանց՝ ընդլայնելով պաշտպանական արդյունաբերության ընդհանուր հզորությունները։
Ռյուտեն հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի օդային ուժերի հզորացման ծրագրերի մասին, այդ թվում՝
- Մեկնարկում է Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռների և Airbus A330 MRTT լիցքավորող ինքնաթիռների արդիականացման բազմազգ ծրագիրը։
- Հետախուզական և հսկողական կարողություններն ընդլայնելու նպատակով դաշինքը համատեղ ձեռք կբերի MQ-4C Triton անօդաչու թռչող սարքեր։
- Օդային հետախուզության արդիականացման շրջանակում ՆԱՏՕ-ն ձեռք կբերի շվեդական արտադրության մինչև 10 միավոր Saab GlobalEye հետախուզական ինքնաթիռ, որոնք կփոխարինեն ամերիկյան հնացած Boeing E-3A AWACS օդանավերին։
ՆԱՏՕ-ն հայտարարել է նաև Drone Edge նախաձեռնության մեկնարկի մասին։ Դրա շրջանակում դաշինքի անդամ երկրները առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում են ավելի քան 40 միլիարդ դոլար ներդնել անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգերի զարգացման համար։ Նախատեսվում է ստեղծել նաև հակադրոնային համակարգերի միասնական հարթակ, որը դաշնակիցներին հնարավորություն կտա արագ ձեռք բերել ՆԱՏՕ-ի կողմից փորձարկված և համատեղելի տեխնոլոգիաներ։
Ռյուտեն նաև հայտնել է, որ մեկնարկել է HALO նախագիծը, որի նպատակն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական արբանյակները միավորել մեկ ընդհանուր ցանցի մեջ՝ տիեզերական կարողություններն ու կապը հզորացնելու համար:







