Շուշիում անցկացված 4-րդ Գլոբալ մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես «աշխարհում նմանը չունեցող եղբայրական և դաշնակցային հարաբերույթուններ»։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը «աշխարհի բոլոր երկրների մեջ ամենամտերիմ երկու պետություններն են»։
«Եթե նայեք քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ժողովուրդների միջև հարաբերություններին, դժվար է գտնել երկու այլ պետություն, որոնք այսքան աջակցեն միմյանց։ Սա մեծ ձեռքբերում է մեր ժողովուրդների և պետությունների համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք», – ասել է Ալիևը։
Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրել է Շուշիի հռչակագիրը, որի արդյունքում երկու երկրների հարաբերությունները, նրա խոսքով, «եղբայրականից վերածվել են դաշնակցայինի»։
«Մենք ոչ միայն եղբայրներ և բարեկամներ ենք, այլև դաշնակիցներ։ Եթե կողմերից մեկի հետ որևէ վատ բան պատահի, մյուսը կկանգնի նրա կողքին՝ իր բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ ռազմական ուժով», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև նշել է, որ Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության տեսանկյունից «օրինակ պետք է ծառայի մյուս հարևան երկրների համար»՝ հավելելով, որ «հարևաններն էլ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիան և Ադրբեջանն են վարվում»։







