Զինեդին Զիդանը 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո կստանձնի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախօրեին՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, Ֆրանսիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվել է Իսպանիայի ընտրանուն և այժմ կպայքարի երրորդ տեղի համար։ Ըստ ֆրանսիացի լրագրողի՝ մրցաշարի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը, ով արդեն 14 տարի է գլխավորում է թիմը, պաշտոնաթող կլինի։
նշենք, որ 54-ամյա Զիդանի վերջին աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և Իսպանիայի Սուպերգավաթակիր։
Իր կարիերայի ընթացքում Զիդանը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել ֆրանսիական «Կանի» և «Բորդոյի», իտալական «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Ռեալի» հետ նա 2003 թվականին դարձել է Իսպանիայի չեմպիոն, իսկ 2002 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում խփել է հաղթական գոլը գերմանական «Բայերի» դարպասը՝ ապահովելով իր թիմի 2։1 հաշվով հաղթանակը։ «Յուվենտուսի» կազմում Զիդանը երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Զիդանը մասնակցել է 108 հանդիպման՝ խփելով 31 գոլ և կատարելով 29 գոլային փոխանցում։ Նա 1998 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2006 թվականին՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2000 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։








