Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Կասպից ծովում Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի թիրախավորմանը, X-ի իր էջում գրել է, որ Կիևի քայլն անպատասխան չի մնա:
Արաղչին հայտնել է, որ հարձակման հետևանքով մեկ նավաստի է զոհվել: Իրանցի դիվանագետի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է և իրականացվել է Իսրայելի դրդմամբ՝ Եվրոպային պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։
«Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցներում ընդգծել եմ, որ Կիևում գտնվող այս ավանտյուրիստի քայլը չի կարող անպատասխան մնալ»,- ընդգծել է Արաղչին:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ, ինչպես նաև Իրանից Ռուսաստան զինամթերք տեղափոխող նավ են հրթիռակոծել։







