ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել այդ երկրի էներգետիկայի նախարար Աբաս Ալի Աբադիի, նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ԻԻՀ նախագահի տեղակալ, պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Համիդ Փուրմոհամմադիի հետ:
Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ էներգետիկայի նախարար Աբաս Ալի Աբադիի հետ հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների արագացումն ու ավարտը, ինչպես նաև անդրադարձել Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, որը պատրաստ է ֆինանսավորել օմանական ընկերությունը։ Քննարկվել է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրական միջանցքի հարցը, որի շրջանակում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել Հայաստանից Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել Արաքս գետի աղտոտվածության խնդրին և համապատասխան աշխատանքային խմբի նիստի անցկացմանը։
Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման, տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանման, Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման և գազային առևտրի նոր մոդելների ներդրման հնարավորությունները։ Նախարարները պայմանավորվել են ձևավորել համատեղ մասնագիտական աշխատանքային խումբ:
«Փոխանակման մոդելն, ըստ էության, հիմնված է գազի և էլեկտրաէներգիայի բարտերի վրա, և Իրանը մեկ այլ առևտրային մոդել սահմանելու վերաբերյալ հստակ առաջարկ է ներկայացրել հայկական կողմին: Դեպի Հայաստան գազի արտահանումը պահանջում է ենթակառուցվածքների ուսումնասիրություն և գնահատում, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է հնարավոր գազային առևտուրն իրականացնել նույնիսկ Հայաստանից այն կողմ և այս երկրի տարանցիկ ուղիով: Հետևաբար, այս նոր մոդելն ունի բարդություններ, որոնց ուսումնասիրությունը պահանջում է մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորում»,- հայտարարել է Իրանի նավթի նախարարը։
ԻԻՀ նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամմադին էլ երախտագիտություն է հայտնել հայկական կողմին պատերազմի ընթացքում ունեցած դիրքորոշման և ԻԻՀ գերագույն առաջնորդի հուղարկավորության արարողությանը ՀՀ վարչապետի մասնակցության համար։ Կողմերը շեշտել են Նորդուզի սահմանային անցակետի ընդլայնման, Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման, ճանապարհային տուրքերի խնդրի լուծման և առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը։








