Իրանի նկատմամբ միասնական ռազմավարություն մշակելու հարցում ամերիկացի պաշտոնյաների անկարողությունն առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկացի անանուն պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատերազմից ամիսներ անց Վաշինգտոնում այդպես էլ չկա հստակ դիրքորոշում: Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ շաբաթ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հունից դուրս է եկել և հայհոյանքներ հնչեցրել։ Չնայած վստահության արտաքին ցուցադրմանը՝ նախագահն ու նրա խորհրդականները դժգոհ են ստեղծված իրավիճակից: Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ նախագահը հուսախաբ է եղել, քանի որ չէր սպասում, որ իրանցիներին գործարքի մղելն այդքան բարդ կլինի, և չուներ իրատեսական ռազմավարություն ռազմական գործողությունների տևողության ու դրանք ավարտին հասցնելու քայլերի վերաբերյալ։
Մինչ ամերիկյան զինվորականները պատրաստվում են լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսմանը, հստակ ցուցումների բացակայությունը մտահոգություն է առաջացնում հրամանատարության շրջանում: Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը նշել է, որ չնայած մի շարք մարտավարական հաղթանակներին, առանց հստակ ուղենիշների և հետագա ընթացքի ընկալման՝ Վաշինգտոնին սպառնում է ռազմավարական պարտություն:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը, մեկնաբանելով NBC News-ի հրապարակումը, հայտարարել է, թե տեղեկությունն այն մասին, որ Թրամփը հանդիպման ժամանակ հունից դուրս է եկել, չի համապատասխանում իրականությանը:







