ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելական զորքերի դուրսբերման հարցով համաձայնություն է ձեռք բերվել՝ այն անվանելով «պատմական»: Ըստ ամերիկյան կողմի՝ սա ճանապարհ է հարթում, որպեսզի Գազայի հատվածի կառավարումն անցնի պաղեստինյան նոր իշխանությանը, որը սերտորեն համագործակցելու է «Խաղաղության խորհրդի» հետ:
Truth Social սոցիալական ցանցում Թրամփի հրապարակած ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործընթացին զուգահեռ իսրայելական զորքերը դուրս կբերվեն Գազայից: Դրանից հետո բնակչության անվտանգության ապահովումը կստանձնեն Կայունացման միջազգային ուժերը՝ պաղեստինյան նոր ոստիկանության հետ համատեղ:
The Times of Israel-ը, հղում անելով «Խաղաղության խորհրդի» ներկայացուցչին, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի համաձայնությունից հետո մեկնարկել է 14-օրյա փուլ: Այս ընթացքում կողմերը պետք է վերջնականապես համաձայնեցնեն ծրագրի յուրաքանչյուր քայլի ժամանակացույցը: Նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումը կտևի 200-ից 350 օր: AFP գործակալության տվյալներով՝ զենքերի պահեստավորումն ու հավաքագրումը վերահսկելու է «Խաղաղության խորհրդին» կից ստեղծված հատուկ հանձնաժողովը:
ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ խմբավորումը համաձայնել է այս զիջումներին «հանուն Գազայի ժողովրդի՝ նրանց կոտորածից և տեղահանությունից փրկելու համար»: Իսրայելական կողմն այս համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տվել:







