Ռուսաստանի առնվազն 16 շրջանի բենզալցակայաններում կրկին վառելիքի մատակարարման խնդիրներ են առաջացել: Այս մասին հայտնում է «The Moscow Times»-ը։
Կրասնոյարսկի Աչինսկի շրջանում 47 բենզալցակայանից 13-ը չեն աշխատում, իսկ բենզինի մի քանի տեսակ հասանելի է միայն 16 կայանում։ Բաշկորտոստանում ժամանակավորապես արգելվել է տարաներով բենզինի վաճառքը։ Տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ վառելիքի խնդիր կա երեք շրջանում, իսկ Ստերլիտամակում 26 բենզալցակայանից յոթը չեն աշխատում։
Վառելիքի պակասի մասին հաղորդումներ են ստացվել նաև Սարատովի և Լիպեցկի մարզերից։ Լիպեցկի մարզի ղեկավար Իգոր Արտամոնովը հայտարարել է, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում իրավիճակի լուրջ բարելավում չի սպասվում և բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում կրճատել մեքենայով երթևեկությունը։
Սոչիի իշխանություններն էլ բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից։ Իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքում բենզին կա բենզալցակայանների մոտ երկու երրորդում։ Վառելիքի մատակարարման սահմանափակումների մասին օգոստոսի սկզբից հաղորդումներ են ստացվել նաև Կրասնոդարի և Պրիմորսկի երկրամասերից և մի շարք այլմարզերից։
Իշխանությունները նաև հայտնել են գյուղատնտեսության համար դիզվառելիքի և բենզինի պակասի մասին։







