Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում 18-ամյա զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինծառայողի հարազատներին։
Ըստ տեղեկությունների՝ Նեֆթչալայի շրջանի բնակիչ, 2008 թվականին ծնված Ֆագան Սամիր օղլու Աղաևի մոտ ախտորոշվել է «արագ տարածվող մենինգիտ»։ Հաղորդվում է, որ զինծառայողի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա երեք օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել է հիվանդանոցում։
Ֆագան Աղաևը ծառայության էր զորակոչվել երեք ամիս առաջ։ Նրա հարազատների փոխանցմամբ՝ զինծառայողին օգոստոսի 24-ին հուղարկավորել են։
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը դեռևս պաշտոնական տեղեկություն չի հրապարակել Աղաևի մահվան և դրա պատճառների վերաբերյալ։
Նշենք, որ Կասպյան պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի՝ օգոստոսի 17-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ադրբեջանի անվտանգային կառույցներում առնվազն 38 զինծառայող է մահացել: Ոչ մարտական կորուստների թիվը 2024 թվականին կազմել է առնվազն 51, իսկ 2025 թվականին՝ 43 մարդ։








