Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը Ջեդդայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ «CENTCOM»-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Եմենի հութիների կողմից հարձակումների ակտիվացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները։
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Reuters»-ի աղբյուրները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ռազմական աջակցություն է խնդրել հութիների դեմ պայքարում։ Ըստ աղբյուրների՝ Թրամփը չի համաձայնել հութիների դեմ ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելուն։
Վերջին շրջանում հութիներն ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայի քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Միաժամանակ նրանք առաջ են շարժվում Եմենի Կարմիր ծովի ափի երկայնքով՝ դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց, որը միջազգային նավագնացության կարևորագույն ուղիներից է։
Հութիների գործողությունները մտահոգություն են առաջացրել Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման և միջազգային նավագնացության անվտանգության վերաբերյալ։







