Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից հետո այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է «TRIPP» ծրագրի իրականացման վրա, որը, նրա խոսքով, լիարժեք կբացի տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորությունները և նոր դարաշրջան կսկսի Հայաստանի ու նրա տնտեսության համար։ Այս մասին Փաշինյանը խոսել է Նյու Յորքում՝ «Concordia» ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի խոսքով՝ «TRIPP»-ի իրականացումը հնարավորություն կտա կյանքի կոչել նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նա նշել է, որ տարածաշրջանային կապերի զարգացումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։
Վարչապետը խոսել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել է արհեստական բանականության երեք կենտրոն, որոնցից երկուսը խոշոր ներդրումային ծրագրեր են։
Փաշինյանը նաև նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շարունակում է զարգանալ և տնտեսության կարևոր հատվածներից է։ Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումը կարող է նպաստել Հայաստանի ներդրումային գրավչության աճին։
Վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին՝ խոսելով էներգետիկ ինքնաբավության, էներգիայի կուտակման համակարգերի և նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների մասին։ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հետ երկու ուղղություններով էլ ձևավորվել են ռազմավարական գործընկերություններ, և կառավարությունը շարունակելու է հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։







