Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։ Նա քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացմանը։
«Ներկայումս մենք կենտրոնացած ենք «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման ուղղությամբ, որի արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է»,- նշել է նա։
«Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ, մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում բացվի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը։ Ընդհանուր շրջանակում դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև», – նշել է Փաշինյանը։
Նա նաև խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ ընդգծելով. «Որպես ԹՐԻՓՓ-ի զուգահեռ արդյունք՝ կբացվի նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»,- նշել է ՀՀ վարչապետը։







