Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են երեք երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգահամակարգին միացնելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում։
«Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգահամակարգին միացնելու հնարավոր քայլերը»,- հայտնել են ՀԾԿՀ-ից։
Հանդիպմանը մասնակցել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան, Ադրբեջանի էներգետիկայի կարգավորման գործակալության վարչության նախագահ Սամիր Ախունդովը, Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի նախագահ Պեդրո Վերդելյան և EU4Energy ծրագրի ներկայացուցիչներ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի փոխկապակցում։







