Հոկտեմբերի 1-ին նավթի համաշխարհային գներն աճել են Չինաստանի կողմից նավթամթերքի արտահանումը դադարեցնելու և ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելք լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն երրորդ ավիակիրն ու ևս 10 հազար լրացուցիչ զինծառայող է պատրաստվում ուղարկել Մերձավոր Արևելք․ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի հարցով իր գործողությունների տարբերակները։ «Նրանք կա՛մ կստորագրեն շատ արդար համաձայնագիր, կա՛մ այլևս գոյություն չեն ունենա»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ չինական նավթավերամշակող ընկերությունները մինչև հետագա ծանուցումը դադարեցրել են նավթամթերքի արտահանումը՝ բացառությամբ Հոնկոնգ և Մակաո մատակարարումների։ Այս սահմանափակումները լրացուցիչ ճնշում են գործադրում վառելիքի շուկայի վրա, որտեղ դիզելային վառելիքի և այլ նավթամթերքների առաջարկն արդեն սահմանափակ է Պարսից ծոցի տարածաշրջանում ու Ռուսաստանում նավթավերամշակման ենթակառուցվածքների վնասման հետևանքով։ Իրավիճակը բարդացնում է նաև Ռուսաստանի՝ մինչև հոկտեմբերի վերջ գործող դիզելային վառելիքի արտահանման արգելքը։
Նոր զարգացումները մտավախություններ են առաջացրել, որ վառելիքի համաշխարհային պակասը կարող է խորանալ և շարունակվել մինչև հաջորդ տարի։ Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն արդեն աճել է 4,37 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102,31 դոլարի։ Ամերիկյան WTI նավթը թանկացել է 2,71 տոկոսով՝ մինչև 92,87 դոլար։
Վառելիքի շուկայում ճնշումը մեղմելու նպատակով ԵՄ էներգետիկ հարցերով աշխատանքային խումբն ուրբաթ քննարկելու է դիզելային վառելիքի պահուստներից շուկա մատակարարումներ իրականացնելու հնարավորությունը։ ԱՄՆ վարչակազմը Գերմանիային և Ֆրանսիային առաջարկել է օգտագործել արտակարգ իրավիճակների համար նախատեսված պահուստները՝ հակառակ դեպքում զգուշացնելով ամերիկյան դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին։








