Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Փոխքաղաքապետերն անդրադարձել են տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։ Արմեն Փամբուխչյանը կարևորել է Երևանի քաղաքապետի հրավերով, «COP17»-ի շրջանակում Թեհրանի քաղաքապետի սպասվող այցը Հայաստան։
«Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հանրային փոխադրամիջոցների և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին»,- նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։








