Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու հյուսիսկորեացի ռազմագերիների՝ Սեուլին փոխանցելու մասին հրապարակային հայտարարության համար։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Զելենսկին իր ելույթում հայտնել էր, որ Կիևը Հարավային Կորեային է փոխանցել Կուրսկի մարզում Ռուսաստանի կողմից կռվելիս գերեվարված երկու հյուսիսկորեացի զինծառայողի։ Սեուլն Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջել՝ պնդելով, որ փոխանցման վերաբերյալ տեղեկությունը պետք է գաղտնի մնար։
Լի Ջե Մյոնը նաև քննադատել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև մոտալուտ ռազմական բախման մասին Զելենսկիի խոսքերը՝ դրանք գնահատելով որպես Կորեական թերակղզում պատերազմի վտանգի մասին հայտարարություն։
«Սա վերաբերում է Կորեայի Հանրապետության ժողովրդի և պետության պատվին, և մենք չենք կարող անտեսել այն»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը՝ Կիևին կոչ անելով ընդունել գաղտնիության պայմանավորվածության առկայությունը։
Հարավային Կորեայի նախագահի ավագ քարտուղար Սոն Գի Հոնի հաղորդմամբ՝ ուկրաինական կողմը տարբեր կապուղիներով բազմիցս քննարկել է ռազմագերիների փոխանցման հարցը և խնդրել այն գաղտնի պահել։ Կիևը, սակայն, հերքում է գաղտնիության վերաբերյալ համաձայնության առկայությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան փորձել է մեղմել լարվածությունը՝ տեղի ունեցածն անվանելով «դիվանագիտական թյուրիմացություն»։ «Հարավային Կորեան մեզ համար կարևոր երկիր է։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի և նոր թափ կստանա»,- ասել է նա։







