ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Խուդաթյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Խուդաթյանի խոսքով՝ քննարկումը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Թուրքիայից ժամանած պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունների ղեկավարության հետ։







