Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են Հայաստանի տարածքում հնդկական «Pinaka Mk-II» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) համար նախատեսված ռեակտիվ արկերի արտադրության հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է մասնագիտացված «Indian Defence Research Wing» (IDRW) պորտալը՝ վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ խոսքը «Pinaka» ՀԿՌՀ-ների համար նախատեսված 214 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության տեղայնացման հնարավորության մասին է։ Կողմերը դիտարկում են համագործակցության տարբերակներ, այդ թվում՝ հրթիռների հավաքումն անմիջապես Հայաստանում կազմակերպելու, այնուհետև տեղական արտադրության բաղադրիչների մասնաբաժինը մեծացնելու հնարավորությունը։
Նախատեսվում է, որ նախագիծը կարող է իրականացվել փուլային եղանակով։ Սկզբնական փուլում Հայաստանում կարող է կազմակերպվել հավաքում՝ օգտագործելով Հնդկաստանից մատակարարվող բաղադրիչներն ու նյութերը։ Հետագայում քննարկվում է առանձին բաղադրիչների արտադրության, փորձարկումների անցկացման և արտադրության տեղայնացման մակարդակի բարձրացման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ նաև նշվում է, որ արտադրության մեկնարկի վերաբերյալ վերջնական համաձայնագիր դեռևս կնքված չէ։ Ինչպես նշում է «IDRW»-ն, կողմերը դեռ պետք է որոշեն համագործակցության կոնկրետ մոդելը, Հայաստանում հնարավոր արտադրության զինամթերքի մոդելները, ինչպես նաև տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման ծավալը։
Պարբերականը արտադրության տեղայնացման քննարկումները կապում է Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հետ։ Համաձայնության ձեռքբերման դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն շահագործել ձեռք բերված համակարգերը, այլև իր տարածքում իրականացնել դրանց համար անհրաժեշտ զինամթերքի հավաքում, իսկ հեռանկարում՝ նաև դրա մի մասի արտադրություն։
Միևնույն ժամանակ, «IDRW»-ն ընդգծում է, որ բանակցությունները դեռևս քննարկման փուլում են, ուստի հնարավոր նախագծի վերջնական պայմանները, իրականացման ժամկետները դեռևս հստակեցված չեն։







