ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել «Kathimerini» թերթին՝ անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությանը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ Ռուբիոն նշել է, որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ու գործընկերներ են, և նրանց միջև լարվածության սրումը ձեռնտու չի լինի ոչ Հունաստանին, ոչ Թուրքիային, ոչ էլ ԱՄՆ-ին։
«Այսպիսով, դրա մասին մտածելու փոխարեն՝ ես կասեի, որ մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա»,- նշել է Ռուբիոն։
Անդրադառնալով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքին՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այդ ինքնաթիռները տրամադրել Թուրքիային։
Ռուբիոն նշել է, որ Թուրքիան երկու կործանիչի համար վճարումն արդեն կատարել է, բայց գործարքի իրականացմանը խոչընդոտում են նաև ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենսդրական սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ խնդիրը կապված է ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։
«Ավելին, Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքը պարունակում է դրույթ, որը շատ խիստ պայմաններ է սահմանում։ Հետևաբար, ակնհայտ է, որ վաճառքը չի կարող իրականացվել, քանի դեռ այդ պայմանները չեն բավարարվել։ Այս իրավիճակի մասին տեղեկացվել է նաև թուրքական կողմը։ Նրանք տեղյակ են դրան, և կարծում եմ՝ լուծում են փնտրում: Այս պահին հարցը դեռ լուծված չէ, և իրավական տեսանկյունից ԱՄՆ-ն չի կարող իրականացնել այդ մատակարարումը, քանի դեռ խնդիրը չի կարգավորվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով Թուրքիան դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրից։ Ծրագրում կրկին ներգրավվելու համար Անկարան դիտարկում է S-400 համակարգերը վերավաճառելու հարցը:








