Թուրքիան շարունակում է երրորդ երկրների հետ բանակցությունները Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վերավաճառքի հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների գրավոր հարցմանը, նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական հարաբերություններում ձևավորվել է կառուցողական մթնոլորտ։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա են անցյալից եկած խնդիրներ, որոնց շուրջ փոխադարձ ըմբռնման հիման վրա հնարավոր է լուծում գտնել:
Միաժամանակ Գյուլերն ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական ռազմավարությունը ձևավորվում է ոչ միայն առկա անվտանգության սպառնալիքների, այլև ապագայում հնարավոր ռիսկերի հաշվառմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Ս-400 համակարգերը վերավաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Հավանական գնորդների թվում նշվում էին Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն ձեռք էր բերել 2017 թվականին՝ շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում։ Համակարգերի մատակարարումից հետո Անկարան դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրից։ Ուշագրավ է, որ թուրքական ԶԼՄ-ները սկսեցին խոսել այս համակարգերի վերավաճառքի մասին, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների միջև Անկարայում սպասվում է հանդիպում ՆԱՏՕ-ի գագաթնժողովի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում՝ Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։







