Վրաստանում բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ասավալ-Դասավալի» թերթի լրագրող Դոմենտի (Դիտո) Չուբինիձեն՝ սաբոտաժի և պետական դավաճանության գործի շրջանակում։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ գործը կապված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ նրա հրապարակումների հետ։
Ըստ Վրաստանի դատախազության՝ Չուբինիձեն 2026 թվականի փետրվարից լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տարածել է կեղծ տեղեկություններ, թե վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնագիր է կնքել և հարևան երկրին փոխանցել վանական համալիրի տարածքի մի մասը։
Դատախազությունը հերքել է այդ պնդումները՝ ընդգծելով, որ Դավիթ Գարեջիի հատվածում վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ որևէ համաձայնություն մինչ օրս ձեռք չի բերվել։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հատուկ կառավարական հանձնաժողովի իրավասության ներքո են, և վարչապետը չի կարող միանձնյա որոշում կայացնել տարածքների փոխանցման վերաբերյալ։
Ըստ նախաքննության՝ լրագրողը փորձել է հանրության շրջանում ստեղծել տարածքների գաղտնի փոխանցման տպավորություն՝ այդ պնդումները կապելով նաև իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան հետ։
Ավելի վաղ Ջորբենաձեն «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե անձամբ տեսել է փաստաթուղթ, որի համաձայն՝ Կոբախիձեն 2025 թվականին Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել Դավիթ Գարեջիի տարածքի մի մասը Բաքվին փոխանցելու վերաբերյալ։ Սակայն նման փաստաթղթի գոյությունը հաստատող ապացույցներ հրապարակայնորեն չեն ներկայացվել։
Սեպտեմբերին Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտից հրապարակած նամակում կասկածի տակ էր դրել Ջորբենաձեի ինքնասպանության պաշտոնական վարկածը։
Սեպտեմբերի 11-ին Կոբախիձեն Դավիթ Գարեջիի շուրջ ծավալված տեղեկատվական արշավը որակել էր հակապետական՝ հայտարարելով, որ նման գործողությունները պետք է համապատասխան արձագանք ստանան։







