Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացման, եվրասիական տարածաշրջանում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի տարածաշրջանի կայուն զարգացմանը, երկրների միջև փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն, այդ թվում՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում։
ԱՓՎՄԽ գագաթնաժողովներն անցկացվում են չորս տարին մեկ։ 2024 թվականից կազմակերպությունը նախագահում է Ադրբեջանը։







