Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ անհիմն և սադրիչ անվանելով ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Թեհրանը կանգնած է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների և «տեղեկատվական արշավների» հետևում։
Region Monitor-ի փոխանցմամբ՝ իրանական դիվանագիտական առաքելությունն արձագանքել է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած «Ադրբեջանի դեմ գաղափարական սադրանքների փորձերը. Որոշ ուժեր դպրոցական համազգեստի հարցն օգտագործում են մեր երկրի ներքին գործերին միջամտելու համար» վերնագրով հոդվածին։
Դեսպանատունն ընդգծել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը միշտ հիմնված է եղել փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և այլ երկրների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։ Ըստ ԻԻՀ դեսպանատան՝ Ադրբեջանի քաղաքացիների ցանկացած հավաք, բողոք կամ դժգոհություն Իրանին վերագրելն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։
«Սխալ նորությունների տարածումը և ընթացիկ զարգացումների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև արհեստական կապ ստեղծելու փորձերը ծառայում են բացառապես երկու երկրների և մուսուլմանների թշնամիների շահերին, որոնք ձգտում են պառակտում ու տարաձայնություն մտցնել մուսուլմանների միջև, թուլացնել իսլամական երկրները և անհիմն թյուրիմացությունների հիմքեր ստեղծել երկկողմ հարաբերություններում», – նշվել է դեսպանության հայտարարության մեջ։
Իրանական կողմը շեշտել է «երկու երկրների միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը» և ակնկալիք հայտնել, որ Բաքուն զերծ կմնա անհիմն մեղադրանքներից ու արհեստական լարվածություն ստեղծելուց։
Իրանի դեսպանատունն արձագանքել է նաև Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի այն հայտարարությանը, թե Իրանի և այլ երկրների համացանցային ռեսուրսներում տեղեկատվական արշավներ են իրականացվում Ադրբեջանի «աշխարհիկ պետականության մոդելի» դեմ։
Ադրբեջանական ֆորումը հայտարարել էր, թե «Ադրբեջանը «մոլլայացնել», «իրանացնել» և կրոնական կանոնների հիման վրա ղեկավարվող պետության վերածել ցանկացողները չեն հասնի իրենց նպատակներին»։ Իրանի դեսպանատունը կտրականապես հերքել է նաև այս մեղադրանքները՝ հորդորելով չվնասել երկկողմ հարաբերությունների մթնոլորտը։







