Ռուսաստանը նախատեսում է դիզելային վառելիք մատակարարել միջազգային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ, ուղիղ պայմանագրերի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Մոսկվայում անցկացվող «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մատակարարումները կիրականացվեն անմիջականորեն՝ ինչպես համաշխարհային շուկաներ, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- նշել է Նովակը։
Նրա խոսքով՝ ռուսական ընկերություններն արդեն քննարկում են ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին նաև նավթամթերքի մատակարարման հարցերը։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և միջազգային շուկաներ։
Նովակի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նախատեսվածից շուտ սկսում է վերացնել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները։ Մոսկվան պատրաստ է հոկտեմբերին արտահանել 300 հազար տոննա, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, իսկ դեկտեմբերին՝ 1 մլն տոննա դիզելային վառելիք։ Հետագայում նախատեսվում է մատակարարումների ծավալը հասցնել ամսական մինչև 3 մլն տոննայի։
Միաժամանակ ԱՄՆ վարչակազմը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը ռուսական դիզելային վառելիքի միջազգային մատակարարումները հանել է ամերիկյան պատժամիջոցների գործողության շրջանակից։







