Ռուսաստանի Սարատովի մարզի Բալակովո քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կին է զոհվել, վնասվել են մի քանի բնակելի տներ։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Տեղական իշխանությունների որոշմամբ՝ հոկտեմբերի 14-ին քաղաքում չեղարկվել են դպրոցների դասերը, իսկ մանկապարտեզները չեն աշխատում։ Տարածաշրջանի իշխանությունները նաև շտաբ են ստեղծել՝ վնասված տների բնակիչների հետ աշխատանքները կազմակերպելու և վնասի չափը գնահատելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 13-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 8-ը երկրի տարբեր շրջաններում ոչնչացվել է 902 անօդաչու թռչող սարք։ Գործողություններ են իրականացվել նաև Մոսկվայում և մի շարք այլ մարզերում։
Ըստ «Интерфакс»-ի հարձակման սպառնալիքի պատճառով Սարատովի օդանավակայանը գիշերը ժամանակավորապես դադարեցրել էր չվերթների սպասարկումը։







