Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն, իսկ ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և իրավունք ստացել պայքարելու աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 140, 144 և 146 կգ ծանրաձողերը՝ նվաճելով ոսկե մեդալ։ Հրում վարժությունում նա գրանցել է 176 կգ արդյունք՝ կրկին արժանանալով ոսկե մեդալի։ Երկամարտի 322 կգ արդյունքով Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ, իսկ հրումում՝ 165 կգ։ Երկամարտում հավաքելով 299 կգ՝ Հովհաննիսյանը զբաղեցրել է չորրորդ տեղը։
Միաժամանակ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արամայիս Հարությունյանը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 130 կգ քաշային կարգում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մազաիմ Մարդանովին։
Այս հաղթանակի շնորհիվ հայ ըմբիշն իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Հարությունյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանը ներկայացնող Ջոհար Ուզարովը։







