Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի ներկայացրած պայմանները։ Նա հիշեցրել է, որ Իրանը Վաշինգտոնին է ներկայացրել նեղուցի վերաբացման յոթօրյա ծրագիր, որին ամերիկյան կողմը պատասխանել է։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։
Արաղչին նշել է, որ եթե ԱՄՆ-ն կատարի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը կբացվի վեցերորդ օրը, իսկ բանակցությունները կվերսկսվեն յոթերորդ օրը։ Նա նաև կասկածի տակ է դրել ամերիկյան կողմի անկեղծությունը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի իրական պատրաստակամության դեպքում առաջընթացի ուղին հստակ կլիներ։
Իրանի արտգործնախարարը չի մանրամասնել յոթ կետից բաղկացած ծրագրի բովանդակությունը, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն նույնպես ներկայացրել է իր առաջարկները, որոնք Թեհրանն այժմ ուսումնասիրում է։
Հայտարարություններն Արաղչին արել է Բաղդադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։ Նա նաև ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է կառուցողական դեր ունենա մահմեդական երկրների միջև տարաձայնությունների կարգավորման գործում։





