ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ սկզբից մտադիր է եղել աջակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերընտրությանը, սակայն որոշել է հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումն ավելի ուշ։ Նա դա բացատրել է երկու առաջնորդների միջև լավ հարաբերություններով և համագործակցությունը շարունակելու ցանկությամբ։ Այս մասին գրել է «The Jerusalem Post»-ը:
«Ես որոշեցի աջակցություն հայտնել Նեթանյահուին, որովհետև մենք լավ հարաբերություններ ունենք, և շարունակելու ենք միասին լավ գործեր անել»,- հարցազրույցում ասել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք իր աջակցությունը նշանակում է, որ չի կարողանա աշխատել Իսրայելի մեկ այլ վարչապետի հետ, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է, սակայն հավելել է. «Ինչո՞ւ ռիսկի դիմել»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Թրամփը սոցցանցում հրապարակված գրառմամբ բացահայտորեն աջակցել էր Նեթանյահուի վերընտրությանը՝ զգուշացնելով, որ նրա փոխարեն այլ առաջնորդ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի ինքնուրույն շարունակել Իրանի դեմ գործողությունները։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ նշելով, որ Իսրայելը Սպիտակ տանը երբեք ավելի մեծ աջակից չի ունեցել։
Ըստ պարբերականի Թրամփի հայտարարությունը հնչել է Իսրայելի առաջիկա ընտրություններից առաջ։ Դրանից ընդամենը մի քանի օր առաջ նա Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում դեռ հրապարակայնորեն չէր սատարել Նեթանյահուի թեկնածությանը։ Նշենք, որ Իսրայելում ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։







