Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին նախատեսում է ԱՄՆ ուղարկել 40 հազար տոննա դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը։ Այս մասին, ըստ թուրքական «Anadolu» գործակալության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը ռուսական դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի ստորագրման եզրափակիչ փուլում են։
Նովակը նշել է, որ առաջին խմբաքանակին կհաջորդեն նոր մատակարարումներ՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում կբավարարենք ԱՄՆ-ի՝ դիզելային վառելիքի պահանջարկը»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աստիճանաբար վերականգնում է դիզելային վառելիքի արտահանումը՝ հաշվի առնելով նավթավերամշակման գործարանների արտադրական հնարավորությունները։ Արտահանման նախկին ծավալներին երկիրը կարող է վերադառնալ մինչև տարեվերջ, ինչից հետո հնարավոր կլինի ավելացնել մատակարարումները նաև այլ երկրներ։
Անդրադառնալով «Հյուսիսային հոսք» գազատարների շահագործման վերականգնման հեռանկարներին՝ Նովակը հայտնել է, որ չորս խողովակաշարերից մեկը տեխնիկապես շահագործման համար պիտանի է, և դրանով գազի մատակարարումները հնարավոր է վերսկսել կարճ ժամկետում։
Նա ընդգծել է, որ գործընթացն առաջին հերթին կախված է եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի դիրքորոշումից։ Մյուս երեք խողովակաշարերը ևս հնարավոր է վերականգնել՝ համապատասխան անհրաժեշտության և տնտեսական նպատակահարմարության դեպքում։







