Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացն ավարտվել է։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Ուրալօղլուն նշել է, որ կամրջի սկզբնական կառուցվածքն ունեցել է 80 մետր երկարություն և 8 մետր լայնություն։ Այն գտնվում է Ախուրյան գետի հունի ամենանեղ հատվածում, որտեղ գետի լայնությունը նվազում է մինչև 36 մետր։ Նա հիշեցրել է, որ կամրջի 31 մետր բացվածքով շրջանաձև կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ընդգծելով, որ գործելու տարիներին կամուրջը Մետաքսի ճանապարհի կարևոր անցման կետերից մեկն էր։
Նախարարը հայտնել է, որ Թուրքիայի ավտոմոբիլային ճանապարհների գլխավոր վարչությունը սեպտեմբերի 16-ին անցկացրել է պատմական կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։
«Սեպտեմբերի 28-ին ստորագրելով պայմանագիրը՝ մենք ավարտել ենք Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Պատմական կամրջի վերակառուցմամբ նպատակ ունենք պահպանել Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային ժառանգություններից մեկը և այն փոխանցել ապագա սերունդներին», – հայտարարել է Ուրալօղլուն։







