ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է փոփոխությունները ռազմական օգնության հատկացումների օրինագծում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանը ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել:
Ամերիկայի ձայնը տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթը, որում ընդգրկված էր Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը։
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։
Այս կապակցությամբ Փալոնն ասել է․ «Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտման առումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:
Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն։
Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին։