Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը պատասխանել է նույն երկրում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի «Հակաթուրքական և հակաադրբեջանական քայլ» վերնագրով հոդվածին:
Ադրբեջանի դեսպանը հոդվածը գրել է նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Թուրքական պետության շահերի պաշտպանությունը ստանձնած ու հոդվածի տակ որպես իրավագիտության դոկտոր ստորագրած Ադրբեջանի դեսպանը, քննադատել է Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ հայտարարելով, որ «դա հիմնավորված չէ ո՛չ պատմական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյունից»: Առաջ անցնելով՝ Ադրբեջանի դեսպանը թուրքական թեզերով անփույթ փորձեր է արել հերքել Հայոց ցեղասպանությունը՝ հայերին ագրեսորի, իսկ օսմանյան պետությունը գթասիրտ ու կարեկից պետություն ներկայացնելով:
Թուրքիայի փաստաբանությունը ստանձնած ադրբեջանցի դեսպանի հոդվածին ի պատասխան հրապարակած հոդվածում Հովակիմյանը զարմանք է հայտնել այն առնչությամբ, թե ինչու Հասանովը չի ներկայացել որպես Ադրբեջանի դեսպան:
«Գուցե այս քայլով նա ցանկանում էր իրեն ցուցադրել որպես օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտող, թեև դա նրան միանշանակ չի հաջողվել: Նրա ամբողջ հոդվածը ադրբեջանական պաշտոնական հակահայկական քարոզչության ցայտուն օրինակներից մեկն է՝ լի ստով, հնարանքներով և աբսուրդ հայտարարություններով: Ենթադրում եմ, որ պարոն Հասանովին ավելի հարմար էր ներկայանալ որպես «իրավագիտության դոկտոր», քան գործող դեսպան, որպեսզի ավելի հավաստիորեն ներկայացնի ոչ միայն ադրբեջանական քարոզչության դրույթները, այլև ստանձնի այլ երկրի՝ Թուրքիայի շահերի պաշտպանի դերը: Կարիք չուներ դա անելու, քանի որ առանց այդ էլ լավ հայտնի է, որ երկու երկրները վարում են ընդհանուր արտաքին և ռազմական քաղաքականություն, հատկապես, եթե խոսքը գնում է Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության ժխտման, նորաստեղծ պատմության կերտման, ատելության և, պարզապես, անիմաստ թեզերի տարածման մասին: «Դոկտոր պրոֆեսորը» հստակորեն գերազանցեց «դեսպանին»,– գրել է Հովակիմյանը:
Հայաստանի դեսպանը ժամանակի կորուստ է համարել առանձին-առանձին անդրադառնալը Հասանովի պրիմիտիվ ստերին՝ հեգնական ոճով գրելով հետևյալը.
«Մնում էր միայն, որ գրեր, թե մեծ Հայկական կայսրությունը դարերով ճնշում էր թուրքերին և ադրբեջանցիներին, մտել էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, պարտվել էր այդ պատերազմում և ցեղասպանություն և սպանդ էր իրագործել խեղճ և անզոր թուրքական բնակչության նկատմամբ՝ Սիրիայի անապատներ վտարելով ողջ մնացած թուրքերին և ադրբեջանցիներին»:
Հովակիմյանը թարմացրել է նաև ԱՍԱԼԱ-ի մասին երկար անդրադարձ արած Հասանովի հիշողությունը Ադրբեջանում իրականացված հայերի կոտորածների վերաբերյալ.
«Հասկանալի է, որ մի հրեշտակային էակ, որն «Աստծո օգնությամբ պայքարում է ճշմարտության համար» և որը անցյալ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ մինչև պրոֆեսոր/դեսպան դառնալը, բարձրագույն դիրքեր էր զբաղեցնում Ադրբեջանի ոստիկանությունում և գլխավոր դատախազությունում, և որն անձամբ էր պատասխանատու այն ամենի համար, ինչ իրականացվում էր հայերի նկատմամբ Ադրբեջանում և Արցախում, իր հիշողությունից ջնջել է Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի կոտորածները»:
Հայաստանի դեսպանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ողջունում է նաև հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում՝ ավելացնելով, որ «հանուն ճշմարտության պայքարող մարտիկ» Հասանովին հաճո կլինեն նաև 2016-ի ապրիլին ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից տարեց անզեն հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները:
Վերջում Հայաստանի դեսպանը նշել է, որ ադրբեջանցի կոլեգայի նման (Հասանովի գրած) հոդվածները ոչ մի կերպ չեն նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը:
«Ատելության քարոզչության և հայտնի պատմական փաստերի ժխտման փոխարեն, ադրբեջանական և թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումների փոխարեն, թե Հայաստանը խանգարում է թյուրքական ժողովուրդների միասնությանը և թե Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը պետք է գոյություն չունենան, քանի որ հանդիսանում են «պատմական Ադրբեջանի մաս», ավելի լավ կլիներ, որպեսզի պաշտոնական Բաքուն և նրա հետ միասին նաև պաշտոնական Անկարան, և բոլոր պրոֆեսորներ/դեսպանները և դեսպաններ/պրոֆեսորները ընդունեն Հայաստանի վարչապետի առաջարկը՝ գտնելու խաղաղ փոխզիջումային հանգուցալուծում, որը լավագույնս կհասցեագրեր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը»,- եզրափակել է Հայաստանի դեսպանը: