Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռի խոցման համար ներողություն է խնդրել։ Նախարարությունից նշել են, որ սխալմունքը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղղաթիռը շատ մոտ է թռել հայ-ադրբեջանական սահմանին այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են, բացի այդ, թռիչքը տեղի ունեցել մութ ժամանակ, և նախկինում ուղղաթիռներ այդ շրջանում չեն երևացել:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։39-ին, ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում: Զոհվել է անձնակազմի 2 անդամ, վիրավորվել մեկը: