Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):
Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:
Կանոնադրության սահմանած պայմանները ստորև`
1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:
2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն չծավալել, ինչպես նաև չմասնակցել պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):
3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:
4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:
5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, և չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:
6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:
Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը: