Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մոտ է պարտությանը, և կանխատեսել է, որ Իսլամական Հանրապետության ձևավորած «ամբողջ առանցքը» ի վերջո կփլուզվի։ Այս մասին հայտնում է «Iranwire»-ը։
Նեթանյահուն այս հայտարարություններն արել է սեպտեմբերի 9-ին՝ Սիրիայի տարածքում գտնվող Հերմոն լեռան շրջան այցելության ժամանակ։
«Հիմնական առաքելությունը Իրանի ահաբեկչական ռեժիմի պարտությունն է։ Մենք շատ մոտ ենք դրան։ Մենք գիտենք, որ այս ամբողջ առանցքը, ի վերջո, կփլուզվի»,- ասել է Իսրայելի վարչապետը։ Նա հավելել է, որ Իսրայելը պարտավորվել է հասնել այդ նպատակին և իրականացնելու է այն։
Նեթանյահուն անդրադարձել է նաև Սիրիայի տարածքից Իսրայելի սահմանների անվտանգության հարցին՝ հայտարարելով, որ թույլ չի տա «ահաբեկչական բանակի» ձևավորում կամ ներկայություն իր սահմանների երկայնքով։
Նեթանյահուին այցի ընթացքում ուղեկցել են Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թամիր Յադայը։
Հիշեցնենք, որ Հերմոնի շրջանը գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ՝ 2024 թվականի վերջին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։







