Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի քաղաքականության, արցախյան վերջին պատերազմում Անկարայի մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի դեմ պանթյուրքիզմի սպառնալիքի մասին Region Monitor-ը զրուցել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկու հետ:
1. Թուրքիայի ներկայիս իշխանությունների գաղափարախոսություններից մեկը պանթյուրքիզմի գաղափարախոսությունն է: Կարո՞ղ ենք արդյոք Թուրքիայի մասնակցությունը Արցախյան պատերազմում դիտարկել այդ համատեքստում: Եթե այո, ապա ինչ խնդիր էր ուզում լուծել Թուրքիան:
Ես Թուրքիայի մասնակցությունն այդ հակամարտությանը կապում եմ նաև պանթյուրքական դոկտրինի կենսագործման հետ: Դա, իհարկե, զարգացում է ապրել իրենց աչքերում, իրենց ընկալումներում, արդեն ոչ թե կայսրության ձևով, ինչպես դա ժամանակին էր (19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին), այլ ինչ-որ միության ձևաչափով:
Ամենագլխավորը, որ խանգարեց այդ գաղափարախոսության իրագործմանը, դա, իհարկե, հայկական սեպն է, որը թյուրքական աշխարհը բաժանեց երկու մասի՝ օսմանյան թուրքերին առանձնացնելով թյուրքական աշխարհի մյուս մասից: Սակայն, չնայած բոլոր ջանքերին, Հայաստանը դարձավ անկախ պետություն 1921թ. Մոսկվայի պայմանագրով (ինչ էլ գրվել կամ ասվել է դրա մասին), երբ բոլշևիկները հայկական տարածքների մեծ մասը տվեցին թուրքերին: Սակայն հարցն այն է, որ այնտեղ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր:
Փաստացի, Աթաթուրքը հրաժարվեց պանթյուրքիզմի գաղափարախոսությունը կյանքի կոչելու գաղափարից: 1920թ. Լենինին ուղղված նամակում նա գրել էր, որ սատարում է Ադրբեջանի խորհրդայնացմանը, որը, ի դեպ, մեծ դեր խաղաց բոլշևիկներին աջակցման գործում: Դրան հայ հեղինակները, չգիտես ինչու, քիչ են ուշադրություն դարձնում, սակայն այդ փաստարկը շատ ծանրակշիռ էր բոլշևիկների համար, քանի որ բոլշևիկյան հեղափոխության էքսպանսիայի համար կարևոր փուլ էր Ադրբեջանի խորհրդայնացումը: Եվ ավելին, Նախիջևանում նույնպես ընթանում էին այդ գործընթացները: Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե) Նախիջևանում, օրինակ, իր հայտարարությունների մեջ գրում էր, որ «թուրք ասքյարը հեղափոխական ասքյար է, ազատարար, նա բերում է ազատագրում կայսերապաշտությունից»: Այդ ամենը թվում էր անցած օրերի գործեր:
Տեղի էր ունեցել հայերի դաժան ցեղասպանություն, որը, ի դեպ, փաստորեն շարունակվեց նաև Աթաթուրքի շրջանում։ Վերջինս հանրապետական Թուրքիայի ոչ բոլոր շրջաններում ուներ իշխանություն: Եվ չնայած նման հայտարարություններին՝ «Մենք պետք է վերադառնանք մեր օրինական սահմանները», «պանիսլամիզը վնասում է մեզ» և այլն, ըստ էության, նա վարում էր քաղաքականություն, որը օսմանների գործի շարունակությունն էր: Օրինակ, Օսմանյան Կայսրությունում գործում էր 31 հանձնաժողով, որոնք զբաղվում էին լքված հայկական և հունական սեփականությունների թուրքացմամբ: Եվս 29-ը ստեղծվել էին հանրապետական Թուրքիայի օրոք, որը հայկական սեփականությունը հանձնում էր թյուրքախոս թուրք քաղաքացիներին: Այսինքն, նման քաղաքականությունը շարունակվում էր: Սակայն հայ ժողովորդին մինչև վերջ վերացնելը նրանց այդպես էլ չհաջողվեց, հայտնվեց Խորհրդային Հայաստանը, որը նախկինի պես «ոսկոր էր կոկորդին» պանթյուրքիզմի կողմնակիցների համար: Սակայն, քանի որ պանթյուրքիզմի գաղափարը հետին պլան մղվեց, դրան թուրքական իշխանություններն ուշադրություն չէին դարձնում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Իսկ պատերազմի տարիներին, Թուրքիայում հայտնվեցին ընդհատակյա պանթուրքական կազմակերպություններ՝ «Գյուվեն», «Բոզքուրթ»:
Ըստ էության, կարևոր է այն, թե ինչին հասան թուրքերը վերջին պատերազմից հետո: Նրանք, իսկապես, հասան հայկական սեպի նշանակության նվազմանը: Այսինքն, Ղարաբաղը դադարում է լինել մի կետ, որը թյուրքական աշխարհը բաժանում էր երկու մասի: Այսպիսով՝ Հայաստանի պարտության արդյունքում Թուրքիան զգալի հաջողությունների հասավ։ Ճիշտ է, ոչ ամենին, ինչ ցանկանում էր։ Ըստ երևույթին, ավելի մեծ խնդիրներ էր դրված, օրինակ, ընդհանրապես վերացնել Ղարաբաղը՝ բնականաբար ողջ բնակչությամբ. նրանք այլ կերպ չեն էլ մտածում, քանի որ մերժելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նրանք փաստացի ընդունում են որ գործելու են սովորական մեթոդներով՝ ոչնչացման ճանապարհով: Քիչ բան է փոխվել այդ հարցի շուրջ թուրք պանթյուրքիստների, ազգայնականների հայացքներում: Իսկ այն, որ պանթյուրքիզմը միասնության մեջ է Էրդողանի, այն փաստ է: «Ազգայնական շարժում կուսակցությունը» նեոֆաշիստական կուսակցություն է՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ: Այդ կուսակցությունը ժամանակին ստեղծել է Ալփասլան Թյուրքեշը: Ես կարդացել եմ նրա ”Dokuz Işık” ( «9 լույսը») գիրքը: Այդ գիրքը «Ազգայնական շարժում» կուսակցության ծրագիրն է: Այնպես որ, այն քաղաքական ուժը, որը դնում է Թուրան ստեղծելու նպատակ, այս պահին Թուրքիայի իշխանության գլխին է:
2. Նաև, Ձեր ասածի համատեքստում, գոյություն ունի՞ գոյաբանական վտանգ՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովրդի գոյությունը գտնվում է ամենօրյա վտանգի տակ: Քանի դեռ գոյություն ունի և զարգանում է պանթյուրքական գաղափարը, իսկ, անխոս, զարգանում է, քանի դեռ կան այդ ծրագրերը, հայերի համար վտանգը չափազանց բարձր է: Բանն այն է, որ Էրդողանի և Թուրքիայի իշխող վերնախավի ռազմավարությունը չի փոխվել: Եվ այդ ռազմավարությունը, ի դեպ, բազմավեկտոր է: Չպետք է կարծել, որ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է միայն պանթյուրքիզմի վրա, ո՛չ, դա միայն իրենց քաղաքականության մի մասն է:
Պանթյուրքիզմից բացի կա նաև իսլամիզմ: Այսինքն՝ այսպես կոչված ժամանակակից, չափավոր իսլամ: Այստեղ Թուրքիայի գլխավոր նպատակը և երազանքն է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ, առնվազն Մերձավոր Արևելքում: Այստեղից էլ բխում է Եգիպտոսի, Սիրիայի իսլամիստների աջակցությունը: Սակայն Էրդողանի այդ երազանքը չիրականացավ:
Նեոօսմանիզմ. թուրքերը կուրորեն հավատում են, որ Օսմանյան Կայսրությունը հրաշք պետություն էր, որն այս կամ այն կերպ հնարավոր է վերականգնել, որպեսզի Թուրքիան լիդեր լինի Օսմանյան Կայսրության նախկին տարածքում: Արաբները, իհարկե, չեն կիսում այդ համոզմունքներն ու էյֆորիան: Նրանց համար Օսմանյան Կայսրությունը նախևառաջ հարստահարիչ է:
3. Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի համար վտանգ չեն տեսնում պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ, բայց և այնպես Ղրիմի հիմնախնդրում Թուրքիայի դիրքորոշումը, Հյուսիսային Կովկասի հետ կապված հավակնությունները, արդյո՞ք մտահոգություն չեն առաջացնում:
Անխոս, պանթյուրքիզմը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Ռուսաստանի ահռելի տարածքի 56 տոկոսն ազգային ինքնավար կազմավորումներն են։ Նրանց մեծ մասը թյուրքախոս ժողովուրդներ են, որոնց Թուրքիայի թուրքերը համարում են իրենցը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի թուրքերը շատ բան չէին հասկանում, նրանք համոզված էին, որ, օրինակ, Ռուսաստանում ապրող թյուրքախոս ժողովուրդները խոսում էին թուրքերեն, սակայն կյանքը դա չհաստատեց։ Օրինակ, կազակները չէին հասկանում թուրքերեն, էլ չեմ խոսում տուվացիների մասին և այլն։ Չնայած, որ նրանք թյուրքախոս ժողովուրդներ են, սակայն լեզուների միջև տարբերությունը նկատելի է, էլ չեմ խոսում մշակութային տարբերությունների մասին։ Մեր թյուրքերն ունեն միանգամայն այլ մշակութային շերտեր: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ռուսաստանում ապրող թյուրքախոս ժողովուրդների շրջանում էլ կան մոլի ազգայնականներ, նրանց թիվը շատ չէ, բայց նրանք գոյություն ունեն և պատրաստ են իրենց մշակույթը, իրենց լեզուն տալ թուրքերին։ Մեր թյուրքերին ավելի բնորոշ է պայքար սեփական լեզվի, սեփական մշակույթի համար, այլ ոչ թե ինչ-որ բան միավորելու։ Իհարկե, թաթարների շրջանում էլ ժամանակին եղել են նման մտքեր, սակայն նրանք հաղթահարեցին այդ «հիվանդությունը»։
Եվ Ռուսաստանը լոյա՞լ է վերաբերվում այդ ամենին։
Ոչ այնքան։ 2006թ. Ռուսաստանում փակվել են թուրքական վարժարանները՝ հակառակ Էրդողանի բողոքներին։ Էրդողանը միայն Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարաբերոթյունները վատացնելուց հետո պահանջեց այդ վարժարանները փակել, իսկ այն ժամանակ նա չափազանց ապշած էր այդ վարժարանի փակման փաստից։ Այնուամենայնիվ, մենք դրանք փակեցինք, քանի որ այնտեղ ուսանողների պատրաստումը ոչ մի ընդհանրություն չուներ ռուսական դպրոցական ծրագրի հետ։ Նրանք այնտեղ ուսումնասիրում էին Օսմանյան Կայսրության պատմություն, սովորում էին թուրքերեն, բայց ոչ Ռուսաստանի պատմություն։ Այն փիլիսոփայական մտքերը, հորինված պատմությունները, որոնք բնորոշ են թուրքերին, ոչ մի կերպ համադրելի չեն մեր կրթական ծրագրերի և գիտական գործունեության հետ։ Մենք այդ ամենը հիանալի գիտակցում ենք։ Եվ, բացի այդ, տեղի էր ունենում մեր բնակչության իսլամացման գործընթաց, այսպես կոչված, նուրջուլահների միջոցով։ Դա շարժում է, որը միավորում է մինչև 2 մլն մարդ, ոմանք ասում են 5 մլն։ Ի դեպ, անձամբ հենց Գյուլենն էր կազմակերպում այդ շարժման գործունեությունը Թուրքիայի տարածքում։ Այժմ այդ շարժումը տրոհվել է 6 մասի, որոնք հակասություններ ունեն իրար միջև։
Այսինքն, մեր իրավապահ մարմինները գիտեն այդ խնդրի մասին, դրա դեմ պայքարում են, որովհետև չափավոր և ոչ չափավոր իսլամի միջև տարբերությունը նկատելի է։ Նույն Սայիդ Նուրսիի գրքերը հայտնաբերվել են այն ահաբեկիչների մոտ, ովքեր սպանվել են հատուկ գործողությունների ժամանակ։
Իհարկե, այդ ամենն արգելելը բավականաչափ դժվար է, բայց մեզ մոտ ամեն ինչ գիտակցում են։ Իսկ ինչ վերաբերվում է Դումայի պատգամավորներին և այլ անձանց, ապա այդ վտանգը նրանք գիտակցում են, հատկապես այն բանից հետո, երբ թուրքական մասնավոր ընկերությունը հրապարակել էր հայտնի քարտեզը։ Ի դեպ, ոչ թե թուրքական TRT-ն էր հրապարակել, այլ TRGT-ն։ Մամուլում տեղի էր ունեցել սխալմունք։
Եվ այդ առումով պայքարը նմանատիպ ծայրահեղությունների դեմ շարունակվում է, որովհետև դրանցից ոչ բոլորն ունեն խաղաղ նպատակներ սեփական գաղափարների իրականացման համար։
4. Այս օրերին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, և հայաստանյան տարբեր շրջանակներ որոշակի զուգահեռներ էին անցկացնում Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև։ Դուք համակարծի՞ք եք:
Այդ զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված։ Եթե կողմը չի դատապարտել անցյալում տեղի ունեցած հանցագործությունը, դա նշանակում է, որ այն կարող է կրկնվել։ Այո՛, եղավ Էրդողանի երկչոտ փորձը նախնիների հանցագործությունը խոստովանելու հարցում։ Դա տեղի ունեցավ 2014թ., երբ նա ելույթ ունեցավ և ներողություն խնդրեց հայ ժողովրդից՝ ընդունելով այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել ժամանակին։ Իսկ ահա 2015թ. Էրդողանն ամեն ինչ արեց, որպեսզի խափանի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները։ Ի դեպ, ասեմ, որ թուրքերը կոտորել և մորթել են ոչ միայն հայերին, այլև հույներին և ասորիներին։ Այսինքն, սա լայնամասշտաբ վայրագ ծրագիր էր։
Ես գտնում եմ, որ Հայաստանը չպետք է մոռանա այդ սարսափելի դեպքերը։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Օսմանյան Կայսրությունը չէ՝ Անկարան կարող էր ասել, որ դա նախկին իշխանության հանցագործությունն էր, որը կապ չունի այսօրվա հանրապետական Թուրքիայի հետ, սակայն նրանք դա էլ չարեցին։
Այսպիսով, իրավիճակը պահպանվում է, ինչը չափազանց ցավալի է։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել անցյալում տեղի ունեցած հանցագործությունը, Անկարան չի ունենա այն ապագան, որի հույս ունի թուրք ժողովուրդը: